Թուրքական Son Dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Վիեննայում «վեցյակի» և Իրանի միջև միջուկային համաձայնագրի ձեռքբերումը, ինչը կողմերին հաջողվել է 16-օրյա բանակցություններից հետո։
Շիմշեքը հայտարարել է, որ դա լավ լուր է Թուրքիայի տնտեսության համար, քանի որ համաձայնագիրը կնպաստի Թուրքիայի և Իրանի միջև առևտրային կապերի ընդլայնմանը։ Նա հիշեցրել է, որ 2014 թվականի արդյունքներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 13.7 միլիարդ դոլար, սակայն իրենք նպատակադրվել են դա հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի։
Շիմշեքի խոսքով՝ Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները մեծ հարված են հասցրել Իրան թուրքական արտահանմանը, և դրանց վերացումը կնպաստի ապրանքաշրջանառության աճին ու համագործակցության ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ Իրանը Թուրքիայի երկրորդ խոշոր նավթամատակարար ու գազամատակարար երկիրն է։ Թուրքիա նավթի մատակարարման ցուցանիշով Իրանը զիջում է Իրաքին (նախկինում Իրանն այս հարցում առաջին տեղում էր, սակայն պատժամիջոցների պատճառով հայտնվել է երկրորդ տեղում)։ Ինչ վերաբերում է Թուրքիային գազ մատակարարելուն, ապա այստեղ առաջատարը Ռուսաստանն է։










































