Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանելով Հարավային Օսիայի ուղղությամբ վարչական սահմանի երկայնքով ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ Վրաստանի տարածքում և հատկապես ռազմավարական օբյեկտի մոտ բաժանարար գծի յուրաքանչյուր նոր մետրն անընդունելի է։
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հարավային Օսիայի վարչական սահմանի երկայնքով տեղադրվել են սահմանագծման նոր ցուցանակներ։ Ընդ որում՝ «Բաքու-Սուփսա» նավթամուղի երկու հատվածներ (մոտ 1.6 կիլոմետր) հայտնվել են Վրաստանի իշխանությունների չվերահսկած գոտում։
«Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու ու ինձ համար անընդունելի է ինքնիշխան տարածքում բաժանարար գծի յուրաքանչյուր նոր մետրը՝ հատկապես, երբ այդ գիծն անցնում է օբյեկտի մոտով։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ Վրաստանը կպահպանի տարանցիկ երկրի գործառույթը։ Որպես տարանցիկ երկիր՝ Վրաստանի գործառույթը, որը մենք զարգացնում ենք այդքան արդյունավետորեն, չի նվազեցվի, ընդհակառակը՝ էլ ավելի կուժեղացվի ապագայում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին։
«Բաքու-Սուփսա» նավթամուղը շահագործման է հանձնվել 1999 թվականին։ Նավթամուղի երկարությունը 830 կիլոմետր է, իսկ տարեկան թողունակությունը՝ մոտ 7 միլիոն տոննա։







































