Ճապոնական Toshiba կորպորացիայի նախագահ Հիսաո Տանական մտադիր է հրաժարական տալ՝ ստանձնելով ֆինանսական սկանդալի պատասխանատվությունը, որում հայտնվել է իր ընկերությունը: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Այս շաբաթ հայտնի են դարձել անկախ աուդիտի նախնական արդյունքները, որի ընթացքում ստուգվել է ընկերության վերջին տարիների գործունեությունը: Նշվում է, որ Toshiba-ի աշխատակիցները կարող էին ընկերության թոփ-մենեջերների ճնշմամբ դիտավորյալ կեղծել եկամուտների մասին զեկույցները, որոնցով փորձել են կորպորացիայի հաջող աճ ցույց տալ:
Հաղորդվում է նաև, որ վերջին տարիներին ֆիրմայի ղեկավարությունը ամենամսյա ժողովների ժամանակ պարբերաբար ճնշում է գործադրել որոշ ստորաբաժանումների և դուստր ընկերությունների վրա, որպեսզի նրանք ցանկացած գնով իրականացնեն ընկերության ֆինանսական ծրագրերը, հենց դա էլ կարող էր եկամտի մասին հաշվետվություններում զանգվածային խաբեությունների պատճառ լինել: Ստուգման ավարտը և վերջնական զեկույցի պատրաստումը սպասվում է հուլիսի 21-ին:
Եկամուտների ընդհանուր ուռճացումը, որոնց մասին Toshiba-ն հայտնել է վերջին 5 տարում, կարող է կազմել մոտ 1,6 մլրդ դոլար:








































