Վիսկոնսինի նահանգապետ Սկոտ Ուոքերը Twitter-ում հայտնել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր արշավի մեկնարկի մասին, սակայն այնուհետև ջնջել է հաղորդագրությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հուլիսի 10-ին քաղաքական գործչի էջում հայտնվել էր հետևյալ գրառումը. «Սկոտը խաղի մեջ է, իսկ դո՞ւք։ Միացեք մեր թիմին այսօր։ Սկոտ Ուոքերն առաջադրվում է նախագահի պաշտոնում»։ Այնուհետև գրառումները ջնջվել են։
ԶԼՄ-ները պարզաբանումների համար դիմել են նահանգապետի՝ հաղորդակցությունների հարցերով պատասխանատուին, ով լավ ուրբաթ է մաղթել բոլորին՝ կոչ անելով հետևել էջի թարմացմանը երկուշաբթի երեկոյան։
Երկուշաբթի Վակեշա քաղաքում ծրագրված է Հանրապետական կուսակցության միջոցառումը, որի անդամ է նահանգապետը։ Սպասվում է, որ հենց այդ միջոցառման ժամանակ Ուոքերը կհայտարարի պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարին ներգրավվելու մասին։
Ներկայում Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարել են 13 թեկնածուներ։









































