Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը Փարիզի ոստիկանապետին հրահանգել է արգելել UberPOP ծառայության աշխատանքը: Կազնևի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է BFMTV հեռուստաալիքը:
Հինգշաբթի օրը ամբողջ Ֆրանսիայում բողոքի մեծաթիվ ակցիաներ են անցկացվում՝ տաքսու վարորդները բողոքում են անօրինական փոխադրողների և Uber ամերիկյան առցանց ծառայության դեմ, որը հնարավորություն է տալիս մասնավոր տաքսի պատվիրել: Ֆրանսիայի որոշ քաղաքներում տաքսու պաշտոնական և մասնավոր վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունենում, «պաշտոնական» վարորդները վնասում են իրենց մրցակիցների մեքենաները: Որոշ բախումների հարկադրված են եղել միջամտել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները, կան ձերբակալվածներ:
«Ես Փարիզի ոստիկանապետին հրահանգել եմ, որ նա արգելի UberPOP ծառայության աշխատանքը»,- ասել է Կազնևը՝ միաժամանակ հակամարտող կողմերին հանգստության կոչ անելով:
Uber-ը ավտոփոխադրման առցանց ծառայություն է, որը հնարավորություն է տալիս մասնավոր տաքսի պատվիրել կայքի միջոցով, նաև iPhone-ի հավելվածներով կամ Android սարքերով: Ներկայումս Uber-ի ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 100 քաղաքում:










































