ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը և Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը համատեղ աշխատել են հակավիրուսների չեզոքացման ծրագրի վրա, մասնավորապես՝ Կասպերսկու հակավիրուսի՝ հետևելու համար օգտատերերի գործողություններին և ներթափանցելու աշխատանքային ցանցեր։ Այս մասին հայտնում է Intercept պորտալը՝ հղում անելով փաստաթղթերին, որոնք գաղտնազերծել է ԿՀՎ և ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
Ինչպես հայտնում է պորտալը՝ Բրիտանական կառավարական կապի կենտրոնը «Կասպերսկու լաբորատորիա» ծրագիրը համարել է խոչընդոտ իր աշխատանքի համար, այդ իսկ պատճառով միջոցներ է փնտրել չեզոքացնելու այն։
Interсept-ը նշում է, որ դա մասամբ հաջողվել է։
Խոցելի տեղերի ի հայտ բերման համար կիրառվել է, այսպես կոչված, հակադարձ մշակման ծրագրային ապահովում, որը համարվում է հեղինակային իրավունքի խախտում։








































