Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ընթանում է Գեղամ Վ.-ի գործի դատական քննությունը:
31-ամյա Գեղամը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:
2015 թվականի մարտի 3-ին, առավոտյան ժամը 9-ն անց 40 րոպեի սահմաններում, վարելով իրեն ամրակցված «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Գեղամ Վ.-ն գտնվել է Ազատության պողոտայի 12 շենքի դիմացի մայթի վրա՝ խանութի մոտ, ու ցանկացել է Բաբայան փողոցի ուղղությամբ հետընթաց կատարել: Հետընթաց կատարելիս նա խախտել է ՃԵԿ-ի պահանջները՝ պատշաճ կերպով չի համոզվել հետընթացի անվտանգության հարցում, չի դիմել այլ անձանց օգնությանը ու ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու հնարավորությունից:
Գեղամը մեքենայի հետևի մասով վրաերթի է ենթարկել իր ընթացագոտիում գտնվող Լիլիթ Գ.-ին ու անզգուշությամբ պատճառել է մահ:
Լիլիթը, մայթին գտնվելով, իրեն վրաերթերից ապահով է զգացել, բայց խանութի մոտ կանգնած բեռնատար «Ֆորդը» այնպես է հետընթաց կատարել, որ աղջիկը հայտնվել է անիվների տակ…
Լիլիթ Գ.-ն աշխատում էր նույն դատարանում, որտեղ այժմ քննվում է նրան վրաերթի ենթարկած վարորդի գործը. Լիլիթը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովսեփյանի գործավարուհին էր: Նա դեռ ամուսնացած չէր, երեխաներ չուներ…
Վրաերթից հետո Գեղամ Վ.-ն անմիջապես օգնություն է ցույց տվել տուժողին, տեղափոխել է հիվանդանոց, սակայն Լիլիթի կյանքը փրկել հնարավոր չի եղել:
Գեղամ Վ.-ն հատուցել է տուժողի ընտանիքին պատճառած նյութական վնասը:
Դատարանին հասցեագրած իր դիմումի մեջ տուժողի իրավահաջորդը նշել էր, թե չի կարող ներկայանալ դատական նիստին, ամբաստանյալից բողոք կամ պահանջ չունի, չի առարկում, որ նրա գործը քննվի արագացված ընթացակարգով:
Ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում: Նրա միջնորդությամբ գործը քննվում է արագացված ընթացակարգով:
Մեղադրողը հրապարակեց քրեական գործում առկա փաստաթղթերը, որոնք բնութագրում էին ամբաստանյալի անձը:
Գեղամ Վ.-ն երկու մանկահասակ երեխաների հայր է: Երեխաները ծնվել են 2010 և 2014 թվականներին:
Գեղամին դրական բնութագրեր էին տվել ինչպես բնակության վայրից, այնպես էլ աշխատավայրից:
Մեղադրող դատախազը հանդես եկավ ճառով:
Ըստ մեղադրողի՝ Գեղամ Վ.-ն վրաերթի կատարման պահին չի պահպանել ՃԵԿ պահանջները, դրսևորել է հանցավոր ինքնավստահություն, ինչը արարքի հանրային վտանգավորության աստիճանը առավել բարձրացնում է: Վարորդը հստակ գիտեր, որ մայթերով երթևեկել չի կարելի, հետընթաց կատարելիս հարկ է դիմել այլ անձանց օգնությանը, հարկ է զգոն լինել, սակայն հանցավոր ինքնավստահություն դրսևորելով՝ հենց մայթի վրա կատարել է մահացու ելքով վրաերթ:
Մեղադրող Ա. Չախոյանը միջնորդեց Գեղամ Վ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտել 2 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Ալվանդյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 18-ին:










































