ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է աշխատեն իրենց զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձր մակարդակի վրա` ի հակակշիռ Ռուսաստանի: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ով իր պաշտոնին նշանակվելուց ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով Նովեգիայում է, գրում է TASS-ը:
«Մենք հյուսիսում ռուսական ակտիվության մեծացում ենք նկատում, այդ պատճառով էլ Բուդյո բազան կարելի է Նորվեգիայի ամենաարժեքավոր ներդրումը համարել դաշինքի պաշտպանունակության հարցում: Հյուսիսեվրոպական տարածաշրջանում դրությունն ավելի հանգիստ է, քան բալթյանում, սակայն ընդհանուր տենդենցը նույնն է` ՆԱՏՕ-ի սահմաններին ռուսական ներկայությունը մեծանում է: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է բարձրացնել իր զինուժի պատրաստականությունը և անել նույնը, ինչ Բուդյո բազայի անձնակազմը` ադեկվատ պատասխան տալով ռուսական կողմի ընդլայնմանը»,- ասել է Սթոլթենբերգը:
«ՆԱՏՕ-ի գործողությունները ռուսական զորքերի զանգվածային վերազինման և Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացման պատասխանն են: Այս պարագայում մենք պետք է պատասխանենք, սակայն մեր պատասխանը համաչափ է և համապատասխանում է կազմակերպության միջազգային պարտականություններին»,- ընդգծել է նա:










































