TRT TÜRK-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Սիրիայի իշխանություններին մեղադրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար:
Չավուշօղլուն այս մասին հայտարարել է ԴԱԻՇ-ի դեմ միջազգային դաշինքի պայքարի շրջանակներում Փարիզում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումից հետո: «Մենք մշտապես հայտարարել ենք, որ Ասադի վարչակարգն ու ԴԱԻՇ-ը համագործակցում են: Այժմ մենք տեսնում ենք դա: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղարը նույնպես ընդգծեց դա»,- ասելէ նա:
Չավուշօղլուն հայտարարել է, որ սիրիական ընդդիմության ուժերին ռազմական ուսուցում տալու ու սպառազինելու ծրագիրը բավական չէ հաջողության հասնելու համար. «Մենք չենք կարող ամբողջովին հարցը լուծել ծրագրի միջոցով, պետք է աջակցություն իրականացվի»:
Չավուշօղլուի խոսքով՝ վերջին շրջանում ԴԱԻՇ-ն առաջխաղացում է ունեցել թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում, և որ երկու երկրում էլ հարցը շարունակում է մնալ չլուծված: Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան ի սկզբանե հայտարարել է, որ միայն ավիահարվածներով անհնար է կասեցնել ԴԱԻՇ-ի առաջխաղացումը:







































