Ադրբեջանն ու ԵՄ-ն կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ներկայացրել է համաձայնագրի նախագիծը Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանին։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Հանդիպմանը, որը կայացել է Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում, նշվել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի ԵՄ շատ պետությունների հետ, և որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կտա այդ կապերի զարգացման համար։
Համաձայնագրի նախագիծը նաև ներկայացվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։







































