Այսօր անսպասելիորեն անջատվել է Աբովյան քաղաքի Աբովյան TV-ի կաբելային կապը, ինչի պատճառով աբովյանցիները հնարավորություն չունեն դիտելու հեռուստաընկերության հաղորդումները:
Հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կապն անջատվել է այն բանից առաջ, երբ իրենք հատուկ թողարկում էին պատրաստել, որը պետք է եթեր արձակվեր: Իսկ հատուկ թողարկումը վերաբերել է նրան, որ Աբովյան քաղաքում դեռ նախընտրական քարոզարշավը օրենքով սահմանված կարգով չսկսված՝ թեկնածուներից մեկը՝ Վահագն Գևորգյանը, շտաբ է բացել, և նախընտրական պաստառներ են փակցված:
«Ես հիմա կդժվարանամ մեկնաբանել, թե կատարվածը ինչով է պայմանավորված, բայց փաստ է, որ Աբովյան քաղաքի մեծ մասը նայում է կաբելային եթերը, ու եթե մենք հիմա ինֆորմացիա ենք թողարկում, աբովյանցիների մեծ մասը չի կարող այն դիտել, քանի որ կաբելային հեռուստաընկերությունը չկա»,- ասաց հեռուստաընկերության տնօրենը:
Կաբելային հեռուստաընկերության համապատասխան աշխատակիցները ընկերության տնօրենի հարցմանը պատասխանել են, որ խնդիրը տեխնիկական է, և իրենք աշխատում են այն վերացնելու ուղղությամբ:
Նշենք, որ Աբովյան հեռուստաընկերությունը պատկանում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Հարությունյանին (Պալաչ), որը նա գնել է անցած տարի: Նշենք նաև, որ հեռուստաընկերության վրա աչք ուներ և Աբովյանի նախկին քաղաքապետ, ներկայումս Կոտայքի մարզպետ՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, սակայն անցած տարի նրան չհաջողվեց գնել հեռուստաընկերությունը, որը բաժին հասավ Պալաչին:









































