Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Արմավիրի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ Երեխաների վիճակը գնահատվում էր միջին ծանրության:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում աղիքային գագատներ ունեցող երեխաների ծնողները նշեցին, որ մինչ հինգշաբթի օրը երեխաները գանգատներ չեն ունեցել, այդ օրը մանակապարտեզից վերադարձել են և բողոքել են սրտխառնոցից, փորի ցավից , իրենց չափազանց վատ են զգացել.«Սկզբում վախեցել էինք, ծանր վիճակում էին, բայց բժշկական օգնությունից հետո վիճակը կայունացել է, չգիտենք ինչից է վարակը եղել, հետազոտության արդյունքները ասել են, որ պարզ կլինի երկու-երեք օրից»,-նշեցին նրանք:
Արմավիրի բժշկական կենտրոնում տեղեկացրեցին, որ այսօր այնտեղ է եղել Հանապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Արմավիրում էր նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ հիվանդության պատճառը պարզելու համար լաբարատոր հետազոտությունների համար նմուշառումներ են իրականացվել թե’ երեխաներից, թե’ մանկապարտեզից և թե աշխատակազմից: Ստուգվել են նաև սննդամթերքը, ջուրը և բոլոր կոնտակտավորները. «Հիվանդության պատճառի մասին մի քանի վարկած կա (ջրային կամ սննդային թունավորում, կոնտակտ-կենցաղային ճանապարհով փոխանցվող հիվանդություն և այլն), ու բոլորն այս պահին քննարկվում են»,-ասաց նա՝ հավելով, որ երեխաների մոտ առողջության դրական տեղաշարժ կա: Նա նաև ասաց, որ կազմակերպվել են նաև բակային համայցեր՝ նույն խնդիրն ունեցող երեխաներին ավելի օպերատիվ կերպով հայտնաբերելու համար: Արդյունքում հայտնաբերվել են երկուսը, այս պահին կատարվում է հետազոտություն:
Լիանա Թորոսյանը նաև ասաց, որ տվյալ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է:
Հիշեցնենք, որ Արմավիրում վերջերս մեկ այլ ինֆեկցիոն վարակի դեպք էր արձանագրվել: Ալաշկերտ համայնքում մայիսի 8-10-ը ընկած ժամանակահատվածում մանկապարտեզ հաճախող 11 երեխաներ հոսպիտալացվել էին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, այս պահին նրանցից մի քանիսը դեռ ԲԿ-ում էին:
Մանրամասները՝ տեսանյութում






































