«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների կողմից փետրվարյան ակցիայից հետո առանց Ծառուկյանի մնացած ԲՀԿ-ն կորցրեց իր անդամների մի մասին՝ հիմնականում նրանց, ովքեր Գագիկ Ծառուկյանի հետ եկել էին, նրա հետ էլ հեռացան կուսակցությունից: Սակայն նոր ԲՀԿ-ն չէր պատրաստվում հեշտությամբ մարսել այդ «դավաճանությունները» և որոշել էր պատժել հեռացողներին: ԲՀԿ-ի թիրախում հայտնվեցին հատկապես նրանք, ովքեր Դոնթի հայտնի բանաձևի շնորհիվ Ազգային ժողովում ԲՀԿ-ին բաժին հասած հանձնաժողովներում և միջազգային պատվիրակություններում էին ընդգրկվել: Տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ում այս առնչությամբ նիստեր էին հրավիրում, քննարկում այս հարցը, որպեսզի հասկանային, թե ում և ինչպես պետք է զրկեն այդ անդամությունից: Գաղտնիք չէ, որ բոլոր խմբակցությունների պատգամավորների մեծամասնության «նվիրական» երազանքն է ընդգրկվել միջազգային պատվիրակություններում և խմբերում, որովհետև շատերը դրա շնորհիվ հնարավորություն են ստանում պետության հաշվին շրջագայել արտասահմաններում:
ԲՀԿ-ի «պահանջատիրության» շրջանակներում ոչ պակաս առանցքային էր նաև ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ից դուրս եկած Մարտուն Գրիգորյանից հետ ստանալու հարցը: Քանի որ հանձնաժողովի նախագահի կարգավիճակն էլ ենթադրում է ծառայողական մեքենա, վարորդ և խորհրդարանի դարպասներից ավտոմեքենայով մուտք գործելու արտոնագիր, ինչը հասու չէ շարքային պատգամավորներին: Երբ այդ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը կուսակիցներին հայտնել էր կուսակցությունից դուրս գալու իր որոշման մասին, ԲՀԿ-ականները նրան զգուշացրել էին, որ այդ դեպքում նա պետք է հրաժարվի Դոնթի բանաձևով ԲՀԿ-ին բաժին հասած հիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Դրանից հետո Մարտուն Գրիգորյանը, մեր տեղեկություններով, երկու ուղղությամբ սկսեց աշխատանքներ տանել՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պահպանելու համար: Մի կողմից բանակցում էր ՀՀԿ-ականների հետ, որպեսզի հանձնաժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականները նրան պաշտոնանկ չանեն, մյուս կողմից բանակցում էր իր նախկին կուսակիցների հետ, որ «ճշտով» առաջնորդվեն: Գրիգորյանը ԲՀԿ-ի նոր ղեկավարներին հիշեցրել է կուսակցության կարգուկանոնը և այն ավանդույթները, որոնցով առաջնորդվել են պաշտոնները և, առհասարակ, մանդատները բաշխելու հարցում:
Իսկ պատգամավորին այդ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնն իբրև փոխհատուցում է տրվել այն աշխատանքի դիմաց, որը նա կատարել է 2012-ի հուլիսին Գյումրու քաղաքապետի պաշտոնում նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հաղթանակի համար: Գաղտնիք չէ նաև, որ ԲՀԿ-ից դուրս եկածներն ընտրություններին «ձայն բերող», ավելի ճիշտ՝ ձայն գնող խավն են, որոնց աշխատանքների արդյունքում է նաև, որ ներկա ԲՀԿ-ականներից շատերը պատգամավորական մանդատ են ստացել: Օրինակ՝ նույն Մարտուն Գրիգորյանը կուսակցության համար Գյումրիում 2012-ին 16 հազարից ավելի ձայն է ապահովել՝ կրկնակի ավելի, քան կարողացավ անել իշխանությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։







































