Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի արդյունքում կուրացած Հարութ Զաքարյանին հնարավոր է հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը տեղափոխեն Մոսկվա: Այս մասին մեզ հետ զրույցում երեկ ասաց Զաքարյանի ընկերը, գործարար Տիգրան Կարապետյանը:
Վերջինիս խոսքով այս օրերին իրենք պատրաստվում են Մոսկվա ուղարկել տղայի վիրահատության լուսանկարները, հիվանդության պատմությունը, որից հետո կտեղափոխեն: «Հիմա մենք այդ թղթերը հավաքելով ենք զբաղված»,- ասաց նա:
Կարապետյանի խոսքով՝ Հարութի առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա: Վիրահատությունը լավ է անցել, բայց բժիշկները որևէ երաշխիք չեն տալիս՝ կվերականգնվի աչքի տեսողությունը, թե ոչ. «Ասում են՝ դա երկար պրոցես է: Ժամանակ է պետք՝ հասկանալու համար աչքի լույսը կվերականգնվի, թե ոչ»:
Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ այս օրերին Սուրիկ Խաչատրյանը կամ նրա մերձավոր շրջապատը որևէ ձևով հետաքրքրվե՞լ է Հարութի առողջությամբ կամ առաջարկել է իր օգնությունը: «Դա իրենց ոճը չէ հետաքրքրվել որևէ մեկի առողջությամբ, իսկ ինչ վերաբերում է օգնությանը, ապա ասեմ, որ իրենցից ոչ ոք ոչինչ չի սպասում և ոչ էլ պատրաստ է վերցնելու: Թող իրենց օգնությունը իրենց պահեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գործի նախաքննությանը, ապա Կարապետյանն ասաց, որ բժիշկները իրավապահներին թույլ չեն տվել խոսել Հարութի հետ՝ պատճառաբանելով, որ նա ի վիճակի չէ դեռևս խոսելու կամ ցուցմունք տալու:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին հերթական ծեծկռտուքն էր տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ, ինչի արդյունքում Սյունիքի բնակիչ Հարութ Զաքարյանը կորցրել է տեսողությունը: Դեպքի առիթով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):










































