Վրաստանում հետաքննություն է սկսվել ռուս մոտոցիկլավարների և Վրաստանի քաղաքացուհու միջև վեճի փաստով: Կնոջը դուր չեն եկել բայքերների հայրենասիրական խորհրդանիշները: Երբ նա կտրել է գեորգիևյան ժապավենը, ծեծկռտոց է սկսվել, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածով («Ուրիշի ունեցվածքի կանխամտածված փչացում»): Ռուս բայքեր զբոսաշրջիկների դեմ հայտարարություն է գրել Վրաստանի քաղաքացի Ինգա Արահամիան:
Վեճը տեղի է ունեցել մայիսի 1-ին Սիգնահի քաղաքում մոտոարշավի ժամանակ: «Վրաստանի քաղաքացի Ինգա Արահամիան Սիգնահիում ռուս բայքերներին կոչ է արել մոտոցիկլների վրայից հանել գեորգիևյան ժապավենները: Նա նրանց բացատրել է, որ այդ ժապավենները վիրավորում են վրացիների հայրենասիրական զգացմունքները, քանի որ Վրաստանի տարածքների 20%-ն օկուպացված են Ռուսաստանի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինգան դեպքը նկարահանել է, հրապարակել համացանցում:
Ռուս բայքերները փորձել են բոլոր հարցերը վերահասցեագրել վրացի սահմանապահներին, որոնք նրանց պաշտոնապես թողել են երկրի տարածք: Սակայն Ինգան կասկած է հայտնել, որ Վրաստանի պետական սահմանն անցնելիս ռուսները ցույց են տվել գեորգիևյան ժապավենները:
Վեճն ավարտվել է նրանով, որ վրացուհին մոտոցիկլներից մեկիվրայից հանել է «իր հայրենիքի օկուպացիայի խորհրդանիշը»: Դրանից հետո բայքերներից մեկը հարվածել է Ինգային: Ինգան սպառնացել է, որ ոստիկանություն կկանչի, որը կլուծի ռուս «բռնարարի» հարցը:










































