Բազմակնությունը հիմնականում տարածված է Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկաներում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավ-Արևելյան Ասիայում: Տղամարդիկ կարող են մինչև չորս կին ունենալ միևնույն կամ տարբեր տարածաշրջաններում: Կանայք սովորաբար տարբեր տներում են ապրում: Գիտնականներն ուսումնասիրել են բազմակնության և սիրտ-անոթային հիվանդությունների միջև կապը: Նրանք վերլուծել են Սաուդյան Արաբիայի 5 հիվանդանոցներից ստացված տվյալները, գրում է Zee News-ը:
Ուսումնասիրության 687 ամուսնացած տղամարդիկ են մասնակցել: Նրանց միջին տարիքը 59 տարեկան է կազմել: 56%- տառապել են շաքարախտով, 57%-ը՝ հիպերտոնիայով, իսկ 45%-ը՝ սրտի իշեմիկ հիվանդություններով: Տղամարդկանց 68%-ը միայն մեկ կին է ունեցել, 19%-ը՝ երկու, 10%-ը՝ երեք և 3%-ը՝ չորս: Տղամարդիկ, որոնք մեկ կնոջից ավելի են ունեցել, հիմնականում տարիքով ավելի մեծ են եղել և բնակվել են գյուղական շրջաններում, եկամուտների ավելի մեծ աղբյուրներ են ունեցել և սրտի վիրահատություններ են տարել:
Ուսումնասիրողները սերտ կապ են հայտնաբերել կանանց թվի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի միջև: Ինչքան շատ կին է ունեցել տղամարդը, այնքան մեծ է եղել սպառնալիքը:
Գիտնականների խոսքերով՝ մեկից ավելի կին ունեցողները պետք է եկամուտի մի քանի աղբյուրներ ունենան: Նրանք կարող են սթրես ապրել միջոցների անբավարարության պատճառով: Դրանից բացի տղամարդկանց համար բազմակնությունը զգացմունքային ծանրաբեռնվածություն է: Այդ ամենը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը:









































