«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
– Պարոն Էստուկյան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Թուրքիայի դատարանից:
– Արամ Ա Կաթողիկոսը գիտի, թե ինչ պետք է պահանջի և որ ատյանից պետք է պահանջի: Արամ կաթողիկոսն իր դիմումը օրենքով սահմանված կարգով կատարեց, և նրա այս քայլը բնական է այն առումով, որ եթե հայցադիմումը թուրքական ատյանների մեջ լուծում չգտնի, նա կդիմի միջազգային դատարան: Այսինքն՝ մարդու իրավունքների միջազգային դատարան կփոխանցի: Բայց հիմա պետք է սպասել, թե այս կողմից ինչ պատասխան պետք է գա, ինչ պետք է մշակեն Թուրքիայի դատարանները, որպեսզի հետևեն հաջորդ քայլերը:
Ըստ իս՝ տեղին պահանջ է, տեղին ցանկություն, որովհետև դեռ Ցեղասպանության ճանաչումը չի եղել, հատուցման օրը դեռ չկա, այս պարագայում Արամ կաթողիկոսը իրեն պատկանող իրավասության շրջանակներում ճիշտ քայլ է անում, ճիշտ շարժվում:

– Որևէ վայրկյան կարելի՞ է մտածել, որ Սահմանադրական դատարանը կարող է բավարարել Արամ կաթողիկոսի պահանջը:
-Իհարկե, այս գործը շրջանցելու համար պետք է միջոցներ գտնի դատարանը: Տեսնենք, թե ինչ միջոցներ պետք է գտնեն, առաջին հերթին այդ միջոցները պետք է ունենան: Անշուշտ, ակնկալել, թե դիմեցին և պետք է վերադարձնել, միամտություն է, բայց տեսնենք, թե ինչ միջոցների պետք է դիմեն: Պաշտոնապես դիմելով՝ այս գործընթացների մեկնարկը եղավ, տեսնենք, թե ինչպես պետք է զարգանա:
– Հայտնի է, որ այս տարիներին միջազգային հայտնի փաստաբաններ են աշխատել այս հայցերի ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում՝ սա կարո՞ղ է դերակատարություն ունենալ, արդյոք Թուրքիայի իշխանությունները կարո՞ղ են հաշվի առնել այս հանգամանքը և առաջ գնալ:
– Չեմ կարծում, քանի որ դատական համակարգը խիստ քաղաքականացված է և չի շարժվում իրավունքի միջազգային սկզբունքների հիման վրա, այլ շարժվում է ազգային խնդիրներով: Եվ նրանք ամեն առիթ պետք է օգտագործեն, որպեսզի շրջանցեն կաթողիկոսի դիմումը: Եվ ամեն միջոցի կդիմեն, որպեսզի չբավարերեն հայցը: Եվ սա բնական ու ակնկալելի է. Թուրքիայի արդարադատական համակարգը խիստ քաղաքականացված ու ազգայնականացված է:
Անկախ դատավարություն այս երկրում մենք չենք սպասում, քանի որ այդ համակարգը առաջնորդվում է քաղաքական գործիչների ցուցմունքներով: Եվ հիմա ավելի հետաքրքրական է, թե ինչ սկզբունքից ելնելով պետք է հերքեն, քանի որ, վերջին հաշվով, եթե գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնտեղ իրավական և անկախ որոշումներ են կայացվում, և Թուրքիան չի կարողանա շրջանցել այդ որոշումները և անպայման պետք է պատասխանի, որ եթե ասեն՝ հողատարածք պետք է վերադաձնես, նա պետք է վերադարձնի, եթե ասեն՝ պետք է հատուցես, ուրեմն պետք է հատուցի:
– Կարծում եք՝ դիմումի հիմնական նպատակը վերջնարդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմե՞լն է:
– Կարծում եմ՝ Արամ կաթողիկոսը Թուրքիայի իշխանությունների վրա հույս չի դրել, պարզապես որպեսզի Եվրոպա ճանապարհ բացվի, նախ այստեղ պետք է դիմեր:
– Իսկ ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն էր Թուրքիայում արձագանքն ապրիլի 24-ից հետո:
– Թուրքիայի իշխանությունների պետական դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել, բայց մեզ համար շահեկան է այն, որ այս տարի ապրիլի 24-ը ժողովրդական շատ ավելի մեծ մասնակցությամբ նշվեց, և համալսարանների մեջ ուսանողները ապրիլի 24-ը հիշատակելու համար միջոցառումներ կազմակերպեցին: Մի շարք երկրների դեսպանների հետկանչը Թուրքիա, Հռոմի պապի ելույթը, Եվրախորհրդարանի, հետո՝ Ավստրիայի, Բուլղարիայի ելույթները Թուրքիայի ձախողման ապացույցներն են, Թուրքիան ձախողված է: Ավելին՝ հասարակությունը փոփոխվում է, և Թուրքիայի իշխանությունների բացատրությունները այլևս չեն հավաստիացնում հասարակությանը:
– Իսկ արդյոք երկու ժողովուրդները իրարից չե՞ն հեռանում այսպես, ինչպե՞ս են հարաբերվելու իրար հետ:
– Երկու ժողովուրդները իրար հետ հարաբերվելու միջոցներ կգտնեն, այստեղ կարևոր է այն, որ երկու պետություններն էլ, իրենց պետական դիվանագիտական կեցվածքից ելնելով, հասարակության շփումների վրա արգելք չդնեն: Եվ չպետք է կարծել, թե Թուրքիայի հասարակությունը Թուրքիայի պաշտոնյաներն են. այդպես չէ: Մարդիկ անձնական պատմությունով, իրենց գրպանից գումար ծախսելով Թուրքիայից եկան Ծիծեռնակաբերդ, մասնակից եղան:
– Ռուս վերլուծաբանները կանխատեսում են՝ հայ-թուքրական սահմանը առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է բացվի. հավանական համարո՞ւմ եք:
– Ես խուսափում եմ ժամկետների մասին խոսելուց, որովհետև այդ խնդիրը, հայ-թուրքական խնդիր լինելուց զատ, ունի զանազան կողմեր, սակայն փակ սահմանը մեր օրերում անընդունելի է:







































