Մարդիկ շարունակում են տուրիստական գործակալություններին դիմել նաև ձմռան ավարտին և գարնանը: «Առաջին լրատվական»-ի անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ այժմ տուրիստական գործակալություններում գործում են մի շարք զեղչեր, և այս սեզոնին ավելի ձեռնտու է կազմակերպել ընտանեկան կամ անհատական հանգիստը:
«Լոկա» տուրիստական գործակալության տնօրեն Ռուզաննա Մելքոնյանը, օրինակ, ասաց, որ մարդիկ իրենց հանգիստը եթե ցանկանում են անցկացնել Հայաստանում, հիմնականում մեկնում են Ծաղկաձոր, իսկ երկրից դուրս՝ նախընտրում են գնալ Եգիպտոս կամ Դուբայ. «Մարդիկ այժմ նախընտրում են հանգստանալ արևոտ երկրներում: Սա համ մատչելի է, համ էլ ձմեռվանից հետո շատերը զգում են ջերմության պակաս: Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք բավականին մատչելի են, օրինակ՝ Դուբայի տոմսը մեկ անձի համար 700 դոլարին մոտ է»:
«Արմենտուր», «Վասկո դա Գամա», «Գլոբտուր» տուրիստական գործակալություններից ևս տեղեկացանք, որ այս սեզոնին ամենամատչելի տեղերը Եգիպտոսն ու Արաբական Էմիրություններն են, սակայն քիչ են այնպիսիները, ովքեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Իտալիայում, Իսպանիայում և եվրոպական այլ երկրներում: Ի դեպ, այստեղ ևս գործում են զեղչեր, կան մեկշաբաթյա կամ երկշաբաթյա հանգստի համար փաթեթներ, որոնց մեջ մտնում են հյուրանոցային ծառայությունները և տվյալ երկրին ծանոթացումը:








































