Գիտնականները պարզել են, որ և՛ կենսաբանական, և՛ որդեգրված երեխաներ ունեցող ծնողները դաստիարակության գործընթացում առավելություն չեն տալիս իրենց կենսաբանական երեխաներին: Այնուամենայնիվ, որդեգրվածների զանցանքներին նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում: Աշխատանքի մանրամասներին կարելի է ծանոթանալ Evolution and Human Behavior ամսագրում:
Հետազոտողները հարցում են կատարել 135 ընտանիքների շրջանում, որոնք նույն տարիքի երկու երեխա ունեն, նրանցից մեկը՝ որդեգրված: Ծնողներին խնդրել են պատասխանել գիտնականների հարցերին և նշել երկու երեխաների բնավորության դրական և բացասական գծերը: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ չնայած ամենից հաճախ ծնողները որդեգրված երեխաների մեջ ավելի շատ բացասական որակներ են գտել՝ տարբերություն չեն դրել երեխաների ուժեղ կողմերի գնահատման հարցում և նրանց արժանիքները մոտավորապես հավասար են համարել:
Ըստ հետազոտողների՝ իրենց աշխատանքի արդյունքները հերքում են տարածված տեսությունը, որ մարդիկ ենթագիտակցորեն դաստիարակության գործընթացում նախընտրությունը տալիս են իրենց կենսաբանական երեխաներին: Աշխատանքի արդյունքներն ապացուցել են, որ ժամանակակից աշխարհում ծնող լինելու ցանկությունը գերիշխում է մարդկանց բնական կենսաբանական ձգտումներին:








































