Ազատազրկումը, որին այսօր դատապարտվել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին՝ 2012-ին ցուցարարների սպանությունների համար, չի կոտրի երկրում իշխանության վերադառնալու նրա կամքը: Այս մասին Reuters գործակալությանն ասել է Մուրսիի որդին՝ Ուսամա Մուրսին:
Կահիրեի քրեական դատարանը Մուրսիին և նրա մերձավոր համախոհներին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Եգիպտոսի նախկին նախագահի 2 զինակիցները դատապարտվել են 10-ական տարվա ազատազրկման: Բանտարկության ավարտից հետո Մուրսին և նրա կողմնակիցները պետք է 5 տարի լինեն ոստիկանության հսկողության տակ:
«Նա լավ գիտի, որ ինքը մարդ է, որն առաքելություն ունի: Այդ առաքելությունն է ժողովրդավարության ճանապարհը, որը մենք ստացել ենք հունվարի 25-ի (2011թ.) հեղափոխության ժամանակ: Մենք այն կվերադարձնենք: Նախագահ Մուրսին դա լավ գիտի»,- ասել է Մուրսիի որդին:
Մուրսին և «Մուսուլման եղբայրների» ևս 14 բարձրաստիճան անդամներ, այդ թվում «Ազատություն և արդարություն կուսակցության» փոխնախագահ Իսամ Արյանը, կազմակերպության ակտիվիստ Մուհամմադ Բալթաղին, մեղադրվում են կանխամտածված սպանության և ֆիզիկական բռնության դրդելու մեջ, որոնք հանգեցրել են ցուցարարների սպանության:
Մուրսին գլխավոր կասկածյալ է ևս 2 քրեական գործերով՝ պետական դավաճանության և օտար պետության օգտին լրտեսության, ինչպես նաև 2011թ. հունվարյան հեղափոխության օրերին բանտից «Մուսուլման եղբայրների» առաջնորդների զանգվածային փախուստի գործով: Երկու գործերով դատավճիռների հրապարակումը նախատեսվում է մայիսի 16-ին: Եթե Մուրսին մեղավոր ճանաչվի թեկուզ մեկ մեղադրանքով, նրան կսպառնա մահապատիժ:
Բացի դրանից՝ ներկայումս դատարանը Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» մի շարք առաջնորդների դեմ ևս մեկ գործ է քննում՝ Կատարի օգտին լրտեսության մեղադրանքով, որը «եղբայրների» գլխավոր հովանավորն է:







































