Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրքական մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպում է ունեցել, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև հայերին և Հայաստանին վերաբերող թեմաների, տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե 2014 թվականին այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին անունից տարածված ուղերձից հետո թուրքական կողմն այս տարի փոխել է դիրքորոշու՞մը, հետընթաց կա՞, Թուրքիայի ներկայիս վարչապետը պատասխանել է.
«Ոչ մի տարբերություն չկա: Այս տարի էլ Հրանտ Դինքի կյանքից հեռանալու տարելիցին եմ ուղերձով հանդես եկել, սա էլ անցյալ տարվա մեր ուղերձի հաջորդ քայլն էր, շարունակությունը: Այս տեսանկյունից մեր մոտեցումը չի փոխվել: Մենք կիսում ենք ցավը, պատրաստ ենք խոսել ամենից: Պատրաստ ենք հավասար պայմաններում խոսել: Տեսեք՝ 1.5 տարի առաջ Երևան գնալիս բացեիբաց հայտարարեցի, որ «սա մի կոտորած է» (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը-խմբ.): Այդ ժամանակ իմ այդ հայտարարությունն աղմուկ բարձրացրեց, ամբողջ աշխարհում նորություն դարձավ»:
Այն հարցերին, թե 2015-ին Թուրքիայից, «ընդհանուր ցավից» բացի, այլ առաջ քայլի են սպասում, Հռոմի պապի խոսքերն ու Եվրախորհրդարանի որոշումից հետո այս ամենն ուղղակի պահարանու՞մ է մնալու, առաջիկա օրերին մեկ այլ քայլ կամ հայտարարություն կարո՞ղ է լինել, Դավութօղլուն պատասխանել է.
«Կարող է լինել, սակայն դա ո՛չ ԵԽ-ն, ո՛չ էլ Հռոմի պապը չէ, այլ մենք ենք որոշելու: Թուրքերը հայերի հետ խոսելու համար ոչ մի երրորդ կողմի կարիք չունեն: Նմանատիպ հայտարարությունները, ընդհանուր միջավայրը թունավորելով, խանգարում են քայլեր կատարելուն: Այս անգամ էլ մենք ասելու ենք այն խոսքերը, որոնց հավատում ենք: Սակայն թույլ չենք տա, որ ինչ որ բան արվի ճնշմամբ»:
Նշենք, որ թուրքական կողմը մշտապես շահարկում է 2014 թվականի ապրիլքսանչոսյան ուղերձը, ինչպես նաև Դավութօղլուի՝ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը՝ ցույց տալու համար, թե Թուրքիայում հայկական հարցի տեսանկյունից դրական տեղաշարժեր են կատարվում:
Այս տարի Էրդողանն արդեն հայտարարել է, որ ապրիլի 24-ին ընդառաջ նոր մի ուղերձ են պատրաստելու: Իրականում Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության փաստը ժխտող, ուղղակի ավելի լավ մատուցված հայտարարություն էր:








































