Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` նախագահական նստավայրի մոտ ուրբաթ երեկոյան տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, այդ թվում` ուժային կառույցների աշխատակիցներ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ուրբաթօրյա աղոթքից հետո նախագահի նստավայրի մոտ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: Այս անգամ բողոքի վայր էր ընտրվել ոչ թե Ալ-Իթիհադիա պալատը, այլ` Ալ-Քուբան: Երկրի նախագահ Մուհամմադ Մուրսին վերջին ժամանակներս աշխատանքային ժամերը սկսել է ավելի հաճախ անցկացնել Ալ-Քուբայում, ինչն ընդդիմադիրների կարծիքով վկայում է «տեղակայման վայրը» հարկադիր փոխելու մասին: Նրանք խոստացել են, որ հետևելու են նախագահին և չեն հրաժարվելու իրենց պահանջներից` կառավարության հրաժարական, հանրապետության ղեկավարի արտահերթ ընտրություններ և այլն:
Ցուցարարները նախագահական նստավայրի ուղղությամբ նետել են քարեր, դյուրավառ հեղուկներով շշեր: Ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Ձերբակալվել են տասնյակ երիտասարդներ:
Կահիրեի համալսարանի մոտ «Միասին բռնության դեմ» կարգախոսով համանման ցույց էին կազմակերպել նաև իսլամիստները: Իսլամիստական ուժերի ցույցն անցել է առանց պատահարների հանգիստ միջավայրում:
Ուրբաթ Եգիպտոսի գործող իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Եգիպտոսի այլ քաղաքներում:







































