Քարոզարշավի վերջին օրերին ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանն իր «զինանոցից» հանեց վերջին՝ «զանգվածային ոչնչացման զենքը»: «Հայկական ժամանակը» գրում է, որ իր ելույթներում Սերժ Սարգսյանը կոչ է անում «թույլ չտալ վատ իշխանության վերարտադրություն», ասում է. «եթե մերժում եք այն կարծիքը, որ մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, ապա պետք է մասնակցեք այս ընտրություններին», խոսում է «նրանց» մասին, ովքեր «տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ… հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի»: Այդ «նրանք», պարզվում է, «տարիներ շարունակ խլել են մեր ապագան», «սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ» և «պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել…»:
Այդ ո՞ր հարուստների ձեռքին է պատանդ մեր սիրելի իշխանությունը, այդ ովքե՞ր են նրանք, ովքեր Հայաստանը դարձրել են պղտոր ճահիճ իրենց նեղ խմբակային շահերի համար: Այդ ովքե՞ր են խլել մեր ապագան, ովքե՞ր են սովոր ամեն ինչ գնել, իսկ եթե չեն կարողանում գնել, ապա խլում են: Այս հարցերի պատասխանը, առաջին հայացքից ակնհայտ է: Ցանկացած մարդու կանգնեցրեք փողոցում ու հարցրեք, թե ովքե՞ր են Սերժ Սարգսյանի մատնանշած այդ «նրանք»-ը: Եվ ձեզ կասեն՝ Սաշիկը, Բուռնաշը, Լֆիկը, Ալրաղացի Լյովիկը, Թոխմախի Մհերը, Նովոն, Շմայսը…: Բայց դուք չարաչար սխալվում եք, և դա պարզվեց երեկ ՀՀ ֆինանսների նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի ասուլիսի ժամանակ: Այդ ովքե՞ր են նրանք՝ «ՀԺ»-ն հարցրեց նախարարից և խնդրեց ցուցակը հրապարակել: Նախարարը անուններ չտվեց, միայն ասաց, որ դրանք «այդ վատ երևույթներում ներգրավված մարդիկ են»:
«ՀԺ»-ն շարունակում է. «Որպեսզի ավելի նեղացնենք մեր ապագան խլած, ամեն ինչ գնող, իշխանություններին պատանդ վերցրած հարուստների շրջանակը, փորձեցինք ավելի կոնկրետացնել հարցը և գնացինք բացասման ճանապարհով: «Իսկ ՀՀԿ խորհրդում, կամ Աժ ՀՀԿ խմբակցությունում նման մարդիկ կա՞ն»,- հարցրինք ՀՀԿ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանին: «Ես որքանով տեղյակ եմ, ՀՀԿ խորհրդում և ՀՀԿ խմբակցությունում նման մարդիկ չկան»,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամը:
Հիմա հասկացա՞ք, որ ում կասկածում եք մեր ապագան խլելու, իշխանությանը պատանդ պահելու և այլ մեղքերի մեջ, դրանք «նրանք» չեն: Խնդիրն այն է, որ Սաշիկը, Բուռնաշը, Լֆիկը, Ալրաղացի Լյովիկը, Թոխմախի Մհերը, Նովոն, Շմայսը և շատ ուրիշներ ՀՀԿ խորհրդի անդամներ են կամ էլ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ: Իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը երեկ հրապարակայնորեն հայտարարեց, որ իր իմանալով՝ ՀՀԿ խորհրդում և Աժ ՀՀԿ խմբակցությունում նման մարդիկ չկան: Ավելին, հարցին պատասխանելիս՝ Վաչե Գաբրիելյանն ասաց, թե «Եթե դուք տեղյակ եք, կարող եք բարձրաձայնել և ես ձեր խոսքը տեղ կհասցնեմ»: Այսպիսով, պաշտոնապես հերքվեց հանրային այն կարծրատիպը, թե Սերժ Սարգսյանի ասած «նրանք»-ի մեջ մտնում են Սաշիկը, Բուռնաշը, Լֆիկը, Ալրաղացի Լյովիկը, Թոխմախի Մհերը, Նովոն, Շմայսը…: Նրանք «նրանք» չեն:
Եվ օգտվելով ՀՀԿ խորհրդի անդամի ընձեռած հնարավորությունից՝ կարող ենք «բարձրաձայնել» որոշ կասկածներ և նա այդ անունները «տեղ կհասցնի»: Այսպես, Շենգավիթի դպրոցներից մեկում գիշերային պահակ է աշխատում «Ձյաձ Նորիկ» մականունով մեկը, որը իրականում օլիգարխ է: Նրա եղբայրը շատ բարձրաստիճան պաշտոնյա է, և դրանից օգտվելով՝ նա հսկայական տարածքներ է գնել Երևանի կենտրոնում, նախկին բնակիչներին կարմիր բերետավորների օգնությամբ դուրս է շպրտել իրենց տներից ու հիմա էլիտարներ է կառուցում այդտեղ: Նա իր բարձրաստիճան եղբոր հովանավորության շնորհիվ փայ է մտնում այլ գործարարների բիզնեսներում: Իսկ Երևանի փողոցներում արևածաղիկ վաճառող Մառուս տոտան իրականում սննդամթերք ներկրող է՝ մոնոպոլիստ, նաև սուպերմարկետների ցանց ունի և հոշոտում է փոքր ու միջին բիզնեսը: Այ այս երկուսի անունները թող ՀՀԿ խորհրդի անդամը տեղ հասցնի, տեսնենք ոնց են նրանցից ազատվում, մնացած «նրանք»-ի անունները հետո կբարձրաձայնենք»:







































