Այսօր՝ ապրիլի 17-ին, «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը և ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Ողջունելով դեսպանին՝ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ կարևորում է Հայաստան-ԱՄՆ համակողմանի գործակցության խորացումը, և հույս հայտնեց, որ ԱՄՆ նորանշանակ դեսպանը իր դրական նպաստը կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը:
Վարդանյանը ներկայացրեց ՀՅԴ-ի քաղաքական օրակարգը, կուսակցության մոտեցումները երկրի ներքաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ:
Դեսպանի խնդրանքով ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների, տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ հարևան երկրների հետ ներկա և հնարավոր հարաբերությունների շուրջ ՀՅԴ պատկերացումներին և մոտեցումներին:
ՀՅԴ ներկայացուցիչները կարևորեցին ԼՂՀ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ձևաչափը՝ գնահատելով նաև այդ ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը: ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձան սիրիական հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված հալեպահայ համայնքի և, առհասարակ, Սիրիայի քրիստոնյա ազգաբնակչության անվտանգության խնդիրներին՝ ակնկալելով ԱՄՆ կառավարության աջակցությունը տարածաշրջանում կայունության հաստատման և քրիստոնյա ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման մեխանիզմների ուղղությամբ:
Ամփոփելով հանդիպումը՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Միլսը հույս հայտնեց, որ երկխոսությունը շարունակելի կլինի և այն կնպաստի երկու երկրների ընդհանուր շահերին:







































