Վարդան Սեդրակյանը սուտ վկայության համար պետք է պատասխան տա դատախազությունում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
Նա նշեց, որ ամեն մեկն իր տեսակետի իրավունքն ունի, և իրեն ճանաչելով՝ գիտեն, որ ընդունում է քննադատությունը, բայց սուտը ժխտում է: Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ Սեդրակյանը սուտ վկայության համար պատասխան պետք է տա դատախազության առջև ոչ թե որովհետև մասոնական լոժաներին անդամակցությունն օրենքով արգելված է, այլ որովհետև ինքը և իր հայրը երբեք չեն եղել մասոնական օթյակի անդամ:
«Եթե վկայություն ունի, որ որևէ տեսակի բռնության հետ կապ ունեմ, դատախազությունը պետք է որոշի, պատրաստ եմ պատասխանել դատախազության հարցերին»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ տարիներ առաջ Անահիտ Բախշյանի միջոցով է հանդիպել Սեդրակյանին, որը եղել է Անահիտ Բախշյանի աշակերտը:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սեդրակյանը փորձել է էպոսը կիրառել նաև իր վրա, ինչ-որ դերակատարություն վերագրել: Իսկ հիմա, բանախոսի խոսքերով, եթե հարմար է վերախմբագրել այդ խոսակցությունը, դա յուրաքանչյուրի իրավունքն է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը նշել էր, թե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կազմակերպվել է Արևելյան Եվրոպայի և ԱՄՆ-ի մասոնական կազմակերպության կողմից, որին անդամակցում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը: Նրա խոսքով՝ կազմակերպության նպատակն է Հայաստանում իրենց նախագահն ունենալ:









































