ԱՄՆ Նյու Յորք նահանգի դատարանը յոթուկես տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինացիների կողմից ղեկավարվող ցանցահենային խմբի անդամներից մեկին, որն ԱՄՆ տասնյակ բանկերից ու դաշնային գերատեսչություններից գողացել է ավելի քան 15 մլն դոլար: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նյու Յորքի Բրուքլին շրջանի 50-ամյա բնակիչ Օլեգ Պիդտերգերյան մեղավոր է ճանաչվել խարդախ սխեմայի կազմակերպմանը նպաստելու համար, որի օգնությամբ հանցագործները հասանելիություն են ստացել մասնավոր անձանց և կառավարական հաստատությունների՝ ներառյալ Պենտագոնի և ԱՄՆ հարկային ծառայության, հաշիվներին: Հանցագործները գողացված փողերը փոխանցել են իրենց վերահսկողության տակ գտնվող հաշիվներին և մասամբ կանխիկացրել են:
Հետաքննության տվյալներով՝ այդ 8-հոգանոց ցանցահենային խումբը ձևավորել են Ուկրաինայի քաղաքացիներ Օլեքսի Շարապկան և Լեոնիդ Յանովիցկին՝ նույնպես դատապարտված, բայց փախուստի մեջ գտնվող: Խմբի մնացած անդամներն ԱՄՆ քաղաքացի են: Հայտնի է, որ 2004-2012թթ. Շարապկան ԱՄՆ-ում ազատազրկվել է համակարգչային մեքենայության համար, ինչից հետո արտաքսվել է Ուկրաինա:
2012թ. մարտից 2013թ. հունիս ցանցահեններին հաջողվել է ներթափանցել այնպիսի ֆինանսական ընկերությունների համակարգչային ցանցեր, ինչպիսիք են՝ Aon Hewitt-ը, Citibank-ը, JP Morgan Chase-ը, Nordstrom Bank-ը, PayPal էլեկտրոնային վճարային համակարգի և TD Ameritrade բրոքերային ընկերության ցանցեր:
Պիդտերգերյան խոստովանել է իր մեղքը:







































