Իսրայելը կիսում է Հայաստանի վիշտը 1915 թվականին հայ ժողովրդի կոտորման համար՝ չնայած պաշտոնապես չի ճանաչել դա որպես ցեղասպանություն։ Այս մասին երեքշաբթի ասել է Կնեսետի անդամ Նախման Շայը (Սիոնիստական միություն) հաջորդ շաբաթ Երևան կատարելիք ուղևորությունից առաջ։
Շայն ու Կնեսետի անդամ Անատ Բերկոն («Լիկուդ») կմասնակցեն 100-րդ տարելիցի հիշատակի պաշտոնական արարողությանը՝ ծրագրված ապրիլի 24-ին, որը համարվում է Ցեղասպանության մեկնարկի ամսաթիվ։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը և հավելում, որ Ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն ավելի քան 1 մլն հայերի է սպանել։
«Սա խորը պատմական նշանակության իրադարձություն է»,- ասել է Շայը։ «100 տարվա մեջ առաջին անգամ միջազգային հանրությունը վերջապես ճանաչում է մեծ արդարությունը… Ազգային և մարդասիրական նկատառումներով ճիշտ է ազգի կողքին կանգնելը, որը տառապել է նման չարչարանքներից ու կոտորածից»,- ասել է նա։
Շայը տեղի ունեցածն անվանել է Հայկական Հոլոքոստ՝ նշելով, որ հրեա ժողովուրդը երբեմն չի սիրում, երբ այլ ազգեր կիրառում են հոլոքոստ բառը, բայց դա, իհարկե, եղել է հոլոքոստ։
«Դա նման էր նրան, ինչ նացիստներն արել են հրեաների նկատմամբ»,- շարունակել է նա։
«Մի ազգը կոտորում է մյուս ազգին՝ հիմնվելով միայն նրանց ազգային և կրոնական ինքնության վրա։ (Օսմանյան) թուրքերը եղել են մուսուլմաններ, հայերը՝ քրիստոնյաներ։ Քրիստոնյաներն իրենց սեփական պետությունն էին ուզում, և թուրքերը թույլ չեն տվել»։
Հայաստանի կառավարությունը հրավիրել է Իսրայելին պաշտոնական պատվիրակություն ուղարկել արարողությանը, և ԱԳՆ-ն Կնեսետին խնդրել է մասնակցության համար երկու անդամ ուղարկել։
ԱԳՆ մամլո խոսնակ Էմանուել Նահշոնը, սակայն, նշել էր, որ դա չի նշանակում փոփոխություն կառավարության քաղաքականության մեջ։ «Սակայն, անշուշտ, դա Հայաստանի հետ բարեկամության և զորակցության ժեստ է»,- ասել է նա։
Մինչ օրս 22 երկրներ՝ ներառյալ Հայաստանը, ճանաչել են 1915 թվականի կոտորածը որպես Ցեղասպանություն, այդ թվում նաև՝ Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան, բայց ոչ՝ ԱՄՆ-ը։
Շայը բացատրել է, որ կառավարությունը քայլում է դիվանագիտական ճոպանի վրայով՝ դեռ հույս ունենալով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանը լավ կապեր ունի Իսրայելի հետ։
Որպես այդպիսին, Կնեսեստի անդամներին արարողությանն ուղարկելը «փոխզիջում է, և դա լավ է»,- ասել է նա։ «Որոշ մարդիկ ասում են, որ Հոլոքոստից տառապած ազգը չի կարող աչք փակել այլ ազգի հոլոքոստի վրա։ Բայց այստեղ կա նաև realpolitik։ Մենք փոքր երկիր ենք և չենք կարող կռվել բոլորի հետ ողջ ժամանակ»։
Շայը բնութագրել է Իսրայելի որոշումը որպես «հասուն», «գիտակցում, որ ոչ մի վատ բան չի պատահի, եթե մենք ժեստ կատարենք հայերի նկատմամբ… Թուրքերը կարող են խելագարվել, սակայն մենք չենք կարող մեր աչքերը փակել 100 տարի անց։ Իսրայելը, հրեա ժողովուրդը չեն կարող անտեսել հայ ժողովրդի հոլոքոստը»։
Բերկոն հրաժարվել է մեկնաբանություն անել արարողության վերաբերյալ, քանի դեռ Կնեսետից հինգշաբթի պաշտոնական հրահանգավորում չի ստացել։
Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը










































