Moody ‘s վարկանշային գործակալությունը թարմացրել է Ադրբեջանի 2015 թ. տնտեսական կանխատեսումը, որը ներառում է տնտեսական աճի, ինֆլյացիայի ցուցանիշերը և Ադրբեջանի բյուջետային բալանսի կանխատեսումը: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցվել է 4,3%-ով՝ մինչև 1%: Ինֆլյացիայի մակարդակը 3,9%-ից մեծացվել է մինչև 9%: Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է ՀՆԱ-ի մոտ 10%-ի չափով՝ 1,8%-ի փոխարեն:
Moody ‘s-ը նշում է, որ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով՝ ՀՆԱ-ի իրական աճը 2014 թ. դանդաղել է մինչև 2,8% (2013 թ. 5,8%-ից): Մինչ ոչ նավթային ՀՆԱ-ն աճել է 7%-ով (2013 թ. 10%-ի համեմատ), նավթային ՀՆԱ-ն նվազել է 2,9%-ով (2013 թ. +1%-ից հետո):
Ածխաջրածնային ոլորտից երկրի մեծ կախվածության պատճառով Ադրբեջանի տնտեսության վրա բացասաբար է ազդել նավթի համաշխարհային գների անկումը: Բացի նավթի էժանացումից՝ նաև կրճատվել է նավթի ներքին արտադրությունը: Ադրբեջանի պետական նավթային ընկերության վերջին տվյալներով՝ 2014 թ. հուլիսից 2015 թ. փետրվարին արդյունահանումը նվազել է ավելի քան 11%-ով:







































