Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ամփոփել է բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 19 հազար 549 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 16 հազար 911-ին պարզաբանվել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2 հազար 638-ին՝ հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:
Արդյունքում՝ փետրվարի 13-ի դրությամբ 2 հազար 89 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում: Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1893 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:
Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել նաև 10 և ավելի հաշվառումներ ունեցող 12 հազար 192 հասցեներ, որոնցից 833-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ: Արդյունքում՝ 3 հազար 513-ով նվազել են 10 և ավելի հաշվառումներ ունեցող հասցեները:
Բնակարանների սեփականատերերին պարզաբանվել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու օրենսդրությամբ վերապահված իրավունքները:










































