Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում չորեքշաբթի օրը բացվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովը՝ հայտնում է TASS-ը: Մուհամմեդ VI արքայի հովանավորությամբ կազմակերպված միջոցառման նշանաբանն է՝ «ԱՀԿ-ն 20 տարեկան է. հաջողությունների տոն և ապագայի մարտահրավերներ»:
«ԱՀԿ-ի դերի և տեղի ամրապնդումը կարող է նպաստել ավելի արդար և ավելի բաց ու բազմակողմանի առևտրային համակարգի կազմավորմանը՝ ունակ պատասխանելու տնտեսական աճի մարտահրավերներին և աֆրիկյան մայրցամաքի կայուն զարգացմանը»,- համաժողովի պատվիրակներին դիմելով՝ հայտարարել է Մարոկկոյի վարչապետ Աբդելիլահ Բենքիրանը: «ԱՀԿ-ն պատասխանատու է միջազգային առևտրի զարգացման, դրա հավասարակշռման, ինչպես նաև առևտուրը զարգացմանը ծառայեցնելու համար»,- նշել է նա:
«Առաջին պլանի տնտեսական դեր խաղալու Աֆրիկայի ձգտումը կախված է ոչ միայն առևտրի ազատականացումից,- ասել է Բենքիրանը:- Անհրաժեշտ է նաև իրագործել ինովացիոն զարգացման ռազմավարությունները, որոնք կարող են ամրապնդել մայրցամաքի դիրքերը առևտրի համաշխարհային համակարգում, հարստություններ ստեղծել և պաշտպանել ոլորտները, որոնք երաշխավորում են ժողովուրդների պարենային անվտանգությունը, ինչը խաղաղության և կայունության կարևորագույն գործոն է և տնտեսական զարգացման ցանկացած ռազմավարության պարտադիր պայման»:
Իր հերթին ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազևեդոն նշել է, որ ԱՀԿ անդամ երկրները միասին ձևավորում են համաշխարհային առևտրի 98%-ը:
Ազևեդոյի խոսքով՝ «ժամանակակից աշխարհն արդեն չի կարելի պատկերացնել առանց ԱՀԿ-ի, որը կարևորագույն դեր է խաղում գլոբալ կառավարման գործընթացներում»:
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է՝ միջազգային մարմին, որն իրականացնում է համաշխարհային առևտրի ոլորտում նոր համաձայնագրերի մշակումը և ներդրումը, վերահսկում է դրանց իրագործումը:
ԱՀԿ-ի հիմնական նպատակն է՝ համաշխարհային առևտրի ազատականացում, մրցակցության արդար պայմանների ապահովում, առևտրային արգելքների հանում: Ներկայումս ԱՀԿ-ն միավորում է 160 պետություն:










































