Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը նախօրեին անակնկալ է մատուցել ոչ միայն ազգությամբ հայ Սելինա Օզուզուն Դողանին խորհրդարանական ընտրությունների համար պատգամավորության թեկնածու առաջադրելով, այլ նաև մեկ այլ ուշագրավ որոշում է կայացրել՝ Սելինա Դողանին Ստամբուլի երկրորդ ընտրատարածքի համամասնական ցուցակում առաջին տեղում ընդգրկելով:
Այս կապակցությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև հայ թեկնածուն՝ նշելով, որ իր համար ևս անակնկալ է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը որոշել է իր անունն առաջինը գրել համամասնական ցուցակում, փոխանցում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը:
«Պատգամավոր ընտրվելու դեպքում Թուրքիայի ազգային մեծ ժողովում ներկայացնելու եմ բոլոր այն խմբերին, որոնց ձայնը լսելի չէ: Երկար տարիներ թուրքական խորհրդարանում հայ պատգամավոր չի եղել, անելու շատ աշխատանք կա»,-հայտարարել է Սելինա Օզուզուն Դողանը:
Նշենք, որ Սելինա Դողանը ծնվել է 1977 թվականին Ստամբուլում: Ավարտել է ֆրանսիական լիցեյը, սովորել է Գալաթասարայի իրավաբանության ֆակուլտետում, ապա նաև Բիլգի համալսարանում: Այժմ մասնավոր մի ընկերությունում որպես իրավաբան է աշխատում: Նա տիրապետում է հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի և անգլերենի: Հայրը Երվանդ Օզուզունն է, որը եղել է Ստամբուլի Բաքըրքյոյի նախկին փոխքաղաքապետը: Ամուսինն էլ փաստաբան Էրդալ Դողանն է, որը Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող փաստաբաններից է:
Այսպիսով, արդեն հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առնվազն 4 հայ թեկնածու, բոլորն էլ պայքարելու են Ստամբուլում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայ լրագրող, գրող Մարգար Եսայանի, իսկ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Սելինա Օզուզուն Դողանի թեկնածություններն են առաջադրել: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համամասնական ցուցակներում երկու հայ թեկնածու կա՝ Կարո Փայլանն ու Մուրադ Մըհչըն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները նախանշված են հունիսի 7-ին:









































