Բրիտանիայի գովազդային չափանիշների կոմիտեն (ASA) արգելել է մանկական հաղորդումների հեռարձակման ժամանակ ցուցադրել Chanel օծանելիքի՝ Կիրա Նայթլիի մասնակցությամբ գովազդը՝ այն չափազանց բաց համարելով: Այս մասին հայտնում է ASA կայքը:
Գովազդից բողոքել է հեռուստադիտող, որն այն տեսել է «Սառցե դարաշրջան-2» անիմացիոն ֆիլմի դադարի ժամանակ: Նա հայտարարել է, որ գովազդում բաց սեքսուալ ենթատեքստ կա այն դեպքում, երբ այն կարող են տեսնել երեխաները, որոնց մուլտֆիլմն է գրավել:
ASA-ն, քննարկելով բողոքը, համաձայնել է կնոջ ասածներին: Ըստ գովազդի սյուժեի՝ Կիրա Նայթլին խաղում է փարիզուհի մոդելի դեր, որը մասնակցում է ֆոտոնկարհանմանը: Նայթլիի հերոսուհին սիրաբանում է լուսանկարչի հետ, նրան թույլ է տալիս հանել իր հագուստը, հետո խնդրում է բոլորին դուրս հանել ստուդիայից և դուռը բանալիով փակել: ASA-ն համարել է, որ չնայած ամեն բան կատարվում է ֆոտոնկարահանման շրջանակներում՝ Նայթլիի և լուսանկարչի միջև «ակնհայտ սեքսուալ ձգողություն կա», ուստի գովազդը հարմար չէ փոքր երեխաների դիտելու համար:
Chanel-ը հայտարարել է, որ նման սեքսուալ կերպարները բնորոշ են օծանելիքի ցանկացած գովազդին, սակայն ASA-ն չի լսել նրանց:
Chanel-ի Coco Mademoiselle-ի գովազդը Նայթլիի մասնակցությամբ ներկայացվել է 2011-ին: Ռեժիսորը Ջո Ռայթն է:









































