Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան և հանդիպել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ: Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ երկու երկրների արտգործնախարարները պետք է քննարկեն հայ-վրացական օրակարգային հարցեր:
Վրաց ռազմական փորձագետ, քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկու կողմերն առաջին հերթին կքննարկեն Աբխազական երկաթգծի հարցը. «Կբանակցեն Աբխազիայի երկաթգծի շուրջ, ամենայն հավանականությամբ՝ կխոսեն երկաթգծի մասին: Ես չեմ կարծում, որ սա քննարկման շատ հեշտ թեմա է, որովհետև երկու կողմերն էլ հարցի շուրջ իրենց անձնական տեսակետն ու շահն ունեն, ըստ իս՝ երկու կողմերն էլ շահագրգիռ են հարցի շուտափույթ լուծման մեջ, և նմանատիպ հանդիպումը դրանում նոր «շտրիխ» կարող է ավելացնել:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա կարծում եմ, որ այն նույնը կմնա, համենայնդեպս՝ Վրաստանում իշխանափոխությունից հետո հայ-վրացական հարաբերությունները եթե չբարելավվեն, ապա հաստատ չեն էլ վատթարանա»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավո՞ր է, որ առաջիկայում Վրաստանն ու Ադրբեջանն այլևս ռազմավարական գործընկերներ չլինեն. Թ. Շարաշենիձեն նկատեց. «Ես կարծում եմ՝ այդպիսի բան հնարավոր չէ, համենայնդեպս առաջիկայում դա բացառում եմ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը դեռ տևական ժամանակ կպահպանվի՝ այն բխում է նաև Վրաստանի շահերից»:









































