Հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 12-ին հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը, սակայն, բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ»,-վստահեցրել է Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ ժամը 22:00-ի դրությամբ ամեն ինչ լռեցված է: Ադրբեջանցիները կրակել են Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ: «Հիմա ամեն ինչ լռեցված է»,-ընդգծեց մամուլի խոսնակը:
Ադրբեջանցի դիպուկահարը փետրվարի 12-ին կրակել էր Չինարի գյուղի ուղղությամբ՝ անչափահաս երեխաների տեղափոխող մեքենայի վրա: «Ամենասարսափելին այն է, որ մեքենայի մեջ եղել են անչափահաս երեխաներ և երջանիկ պատահականությամբ նրանց հաջողվել է դուրս փախչել մեքենայից: Աշխատել է դիպուկահար և եղել են մի քանի կրակոցներ: Կրակոց է եղել նաև գազի խողովակի ուղղությամբ և տներից մեկի դարպասին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրել էր Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:










































