Փետրվարի 12-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:
Հանձնաժողովի նախագահը համալսարանականներին ծանոթացրել է խորհրդարանի, ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների գործառույթներին, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին: Արտակ Զաքարյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը միջազգային կառույցներում տեսակետների ներկայացման, դիրքորոշումների արտահայտման, երկրի մասին օբյեկտիվ պատկերացում ստեղծելու և կարծիքներ ձևավորելու լայն հնարավորություն է ընձեռում:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանն ապագա դիվանագետներին ուսման մեջ հաջողություն է մաղթել՝ հորդորելով լինել նպատակասլաց ու հետևողական և իրենց մասնագիտական նպաստը բերել հայրենիքի զարգացմանը:









































