Որբաթ, լույս շաբաթ գիշերվա ժամը 02.49-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Facebook սոցիալական ցանցում տեղադրել էր բաց նամակ՝ ուղղված ընդդիմադիր դաշտի թեկնածուներն:
«Հայկական ժամանակը» գրում է, որ սույն նամակում Հայրիկյանը նշել էր, թե ճշգրիտ հարցումներով, 5 օր առաջ Սերժ Սարգսյանն ուներ 43-45 տոկոս ձայն, իսկ ինքը և նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ առանձին-առանձին՝ 5-35 տոկոս: «Միասնաբար հանդես գալու դեպքում՝ ՍՍ-ն ունենում էր 30 տոկոս, եռյակը՝ 67-69 տոկոս: Ուզում էի առաջարկել՝ ծանոթանալ այս թվերին և նույնիսկ, միասնական ուժերով ստուգել այս հրաշքը (…): Եթէ ես ընտրութեունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը, 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին: Եվ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա: Սիրելի Րաֆֆի և Հրանտ, կամ մենք հրար հետ կհասնենք արդեունքի կամ կպարտվենք առանձին-առանձին ժողովուրդ, մենք ընդամենը 30 ժամ ունենք, ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորութեունները: ՐՀ-ին և ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի յաջողութեան հասնելու վերջին հնարավորութեունն է»,- գրել էր Հայրիկյանը:
Արդեն կիրակի օրը նա դիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար: Երեկ, սակայն, Հայրիկյանն իր փաստաբանի միջոցով հետ վերցրեց ՍԴ ներկայացրած դիմումը: Մի քանի ժամ շարունակ «ՀԺ»-ին չէր հաջողվում զրուցել Հայրիկյանի հետ: Նրա հեռախոսն անջատված էր, իսկ շտաբից հայտնում էին, թե չգիտեն՝ այս պահին որտեղ է: Ի վերջո, հաջողվեց կապ հաստատել:
– Պարոն Հայրիկյան, միասնական թեկնածուի հույս այլևս չկա՞:
– Չէ, ո՞վ ասաց:
– Դուք այդ հարցով արդեն խոսե՞լ եք մյուս թեկնածուների հետ:
– Միասնական թեկնածուի հարցով ես հրապարակային խոսակցություն եմ սկսել, և բոլոր պարկեշտ մարդիկ հրապարակային խոսակցությունը պետք է ողջունեն, որովհետև խոսքը վերաբերվում է հանրությանը, ոչ թե՝ ինձ: Հրապարակային պատասխան էլ սպասում եմ, չնայած՝ մասնավորն էլ չեմ բացառում, մասնավոր նամակագրություն էլ կա, ամեն ինչ դեռ կորած չէ:
– Իսկ ո՞վ կարող է դառնալ այդ թեկնածուն:
– Դա հեչ կարևոր չի, հեչ:
– Հրանտ Բագրատյանն այսօր ուրիշ բաներ է ասել… (հարցը կիսատ է մնում):
– Ուրեմն, Բագրատյանի համար դա կարևոր է, եթե նա այդպես է խոսում, ինձ համար հեչ կարևոր չէ:
Այսքանով մեր զրույցն ավարտվեց: Հայրիկյանն ասաց, որ երկրորդ գծով զանգ է գալիս և անջատեց հեռախոսը:
Միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ նախագահի մեկ այլ թեկնածու՝ Հրանտ Բագրատյանը, երեկ բոլորովին այլ հայտարարություններ արեց: Դեռ առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, նա լրագրողներին հայտնել էր, որ գաղափարին կմիանա, երբ Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, ընտրություններից հետո պաշտոն չեն ստանալու և Սերժ Սարգսյանին, ընտրվելու դեպքում, չեն շնորհավորելու: Նա նշել էր նաև, որ իր, Հայրիկյանի ու Հովհաննիսյանի հանդիպումների ընթացքում քննարկել են միասնական թեկնածուի հարցը, բայց միևնույն ժամանակ պայմանավորվել, որ դեռևս չեն բարձրաձայնելու այդ մասին: «Պայմանավորվածությունը խախտվեց: Պարույր Հայրիկյանը ցանկացավ ավելի լավը երևալ: Բայց ես Պարույրին շատ հստակ պատասխանել եմ, որ ի վերջո, եթե դու ազնիվ ես, հանիր թեկնածությունդ, և դա կլինի տղամարդու արարք: Ինքդ հանիր և օրինակ ցույց տուր մյուսներին: Վստահ չեմ, թե Պարույր Հայրիկյանը չի համագործակցում իշխանությունների հետ»,- հայտարարել է Բագրատյանը: «ՀԺ» թղթակցի հարցին՝ իսկ դուք պատրա՞ստ եք Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին հանել ձեր թեկնածությունը, Հրանտ Բագրատյանը պատասխանել է. «Նման դեպք չկա, եթե-ներով չխոսենք: Եվ արդյո՞ք այդ միասնական ընդդիմադիր թեկնածուի անվան տակ չեն ուզում վերացնել միակ ընդդիմադիր թեկնածուին: Նախ, պետք է իմանանք, որ նրանք, իսկապես ընդդիմադիր են, եթե դա տեղի ունենա, այդ ժամանակ կարող ենք խոսել»,- ասել է Բագրատյանը:
Միասնական ընդդիմադիր թեկնածուի հարցի շուրջ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանից երեկ չհաջողվեց տեսակետ ճշտել. նա մեկնել էր Տավուշի մարզ: «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Aravot.am»-ի հետ զրույցում ասել էր. «Մեզ համար տարօրինակ է իրար հետ բաց նամակներով կամ անուղղակի այլ ձևով շվման ոճը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ բաց է եղել անմիջական շփման համար, պարբերաբար կապի մեջ է լինում գործընկերների հետ անմիջապես կամ հեռախոսակապով: Անդրադառնալով միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարին նշեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ պատրաստ է քննարկել այդ տարբերակը՝ առանց նախապայմանների: Ինչ վերաբերվում է ընդդիմություն լինել-չլինելուն, ապա մտահոգիչ է, որ մինչ այժմ Հրանտ Բագրատյանի համար պարզ չի դարձել՝ նրա ընդդիմություն լինելու փաստը: Վերջապես, մենք այսօր արդեն կարող ենք ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի շնորհավորի Սերժ Սարգսյանին, քանի որ ազատ և օրինական ընտրությունների դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղթի և միակ «պաշտոնը», որ նա կստանձնի, լինելու է նախագահի «պաշտոնը»:










































