Երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը նամակով դիմել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Նամակում մասնավորապես ասում է, որ թեև իշխանափոխությանը միանշանակ կողմ է, բայց չի ընդունում իշխանափոխություն սկսել ապրիլի 24-ի երեկոյան:
«Ինձ թվում էր, որ դու պետք է իշխանափոխության պրոցեսը սկսեիր ամենաուշը փետրվարի վերջին, որպեսզի ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայաստանը նշեր նոր իշխանություններով և նոր նախագահով: Բայց եթե դու ինչ-ինչ պատճառներով պատրաստ չես եղել իրականացնել իշխանափոխությունը նշված ժամկետներում, դա իհարկե դատապարտելի չէ, բայց դատապարտելի է դրա իրականացումը սկսել ապրիլի 24-ի երեկոյան:
Եթե դու հաշվել ես, որ քո հնարավորությունները թույլ կտան իշխանափոխությունը սկսել ապրիլի 24-ի երեկոյան, ուրեմն դու կարող ես այդ պրոցեսը սկսել ապրիլի 28-ին, մայիսի 4-ին կամ հունիսի 15-ին, այսինքն՝ ապրիլի 24-ից հետո եկած ցանկացած օր: Այդ դեպքում անհասկանալի է ապրիլի 24-ը ընտրել որպես իշխանափոխության սկիզբ, երբ Պուտինն ու Էրդողանը դեկտեմբերին համատեղ որոշում են կայացրել տապալել ապրիլի 24-ին Հայաստանում սպասվելիք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները»,- ասված է նամակում:
Շանթ Հարությունյանը նամակում խնդրում է իշխանափոխության ժամկետները վերանայել: Արդյոք «Հիմնադիր խորհրդարանը» կքննարկի՞ Շանթ Հարությունյանի առաջարկները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ թեև հարգում են Շանթին, հարգում են նրա կարծիքը, բայց սա տարիներով մշակված իրենց մոտեցումներն են. «Մենք կոլեգիալ մարմին ենք, քվեարկություններով որոշումներ ենք ընդունում: Ինչքան էլ հարգենք և ընդունենք Շանթին որպես մարդու, քաղաքացու և քաղաքական գործչի՝ մենք մեր տեսակետն ունենք և ինչո՞ւ պետք է քննարկենք»,- ասաց նա՝ հավելելով՝ մենք այդքան հեղհեղուկ և տատանողական վիճակում չենք, որ թեկուզ Շանթի նման կարևոր մարդու ասածը մեզ համար վերանայման հիմք դառնա:
«Մենք էլ մեր հիմնավորումներն ունենք և բազմիցս ներկայացրել ենք այդ հիմնավորումները և բացարձակապես համամիտ չենք իր այդ բացասական դիրքորոշման հետ: Մեր դիրքորոշումը նույնն է: Ոչինչ չի կարող փոխել մեր որոշումը»,- հավելեց նա:







































