ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում շռայլ մուծումներ կատարել Քուվեյթում մարտի 31-ին կայանալիք Սիրիայի հարցով դոնորական համաժողովում: Խորհրդի անդամները հինգշաբթի օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ գրում է RIA Novosti-ն:
«Խորհրդի անդամներն ընդգծել են, որ ՄԱԿ-ի և գործընկերների ֆինանսավորման պակասն արդեն մարդասիրական գործակալություններին ստիպել է կրճատել սիրիացիների սննդակարգը 30 տոկոսով: Յուրաքանչյուր միլիոն դոլար, որը ՄԱԿ-ը չի կարողանում հավաքել Սիրիայի հարցով ծրագրի համար, նշանակում է, որ մոտ 227 հազար մարդ կորցնում է կենսական անհրաժեշտություն ունեցող ծառայությունները: Նրանք նաև ընդգծել են, որ եթե մինչև մայիս անհրաժեշտ միջոցները չստացվեն, դպրոց չհաճախող միլիոնավոր սիրիացի երեխաներ չեն ունենա այլընտրանքային ուսուցում ստանալու հնարավորություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ 2.9 մլրդ դոլար արժողությամբ Սիրիայի հարցով մարդասիրական արձագանքման ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 9 տոկոսով, իսկ 4.5 մլրդ դոլար արժողությամբ տարածաշրջանում սիրիացի փախստականների և վերականգնման ծրագիրը՝ միայն 6 տոկոսով:









































