Թուրքիայի խորհրդարանի «Ժողովրդահանրապետական» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ֆարուք Լողօղլուն հայտարարել է, թե «Միացյալ Նահանգներում հայկական ու հունական լոբբիների` Թուրքիայի դեմ ընթացող պայքարին միանում է նաև հրեական լոբբին, ինչը խիստ վտանգավոր է Անկարայի համար»:
Թուրք պատգամավորը զրուցել է թուրքական ազգայնամոլական «Ենի Չաղ» պարբերականի հետ, որի ժամանակ էլ նշել է, թե Թուրքիայի համար ստեղծված իրավիճակը ճգնաժամային է:
«Հայոց ցեղասպանության հարցը ցունամիի պես է գալիս: Եթե ԱՄՆ Կոնգրեսն ապրիլի 24-ից առաջ, այսպես կոչված, ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունի, կամ էլ Բարաք Օբաման հայտարարի, թե Ցեղասպանությունը պետք է ճանաչել, ապա Թուրքիայի համար իրավիճակը չափազանց բարդ է լինելու»,-նշել է քեմալական պատգամավորը և հավելել, որ ամերիկյան դատարանները նման մի որոշման են սպասում, որպեսզի թույլատրեն բազմաթիվ հայերի հայցերը Թուրքիայի դեմ:
«Եթե նման որոշում կայացվի, ամերիկյան դատարանները, հիմնվելով դրանց վրա, թույլ կտան Թուրքիայի դեմ գույքային հայցեր ներկայացրել, իսկ հայերն էլ դատարանների միջոցով իրենց ունեցվածքները կպահանջեն»,- նշել է Լողօղլուն:
«Հայկական, հունական, կիպրոսյան լոբբիները մշտապես ճնշում են գործադրում ցեղասպանության, Կիպրոսյան հարցի, թուրք-հունական հարաբերությունների տեսանկյունից: «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականության հետևանքով հրեական լոբբինգը նախկինի պես Թուրքիայի կողքին չէ: Սա շատ մեծ կորուստ է Թուրքիայի համար, իսկ մեղավորը ԱԶԿ-ն է»,- հայտարարել է թուրք պատգամավորը:
Նշենք, որ Թուրքիայում ընդդիմադիր գործիչները հաճախ են մեղադրում թուրքական իշխանություններին` Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելու համար, ինչը, ըստ նրանց, ազդում է ավանդաբար թուրքական շահերը Վաշինգտոնում պաշտպանող հրեական լոբբիի հետ համագործակցության վրա: Շատ է նշվում, որ հրեական լոբբինգը սկսել է աշխատել Թուրքիայի դեմ, ինչը կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի` Թուրքիայի նկատմամբ քաղաքականության տեսանկյունից:








































