Թուրքիայում մտավախություն ունեն, թե Եվրոպայի խորհրդարանի օրերս արված կոչը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կարող է ազդեցություն ունենալ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվող հայտնի հայատյաց Դողու Փերինչեքի գործի վրա: Փերինչեքին պատկանող «Այդընլըք» լրատվակայքում Դենիզ Քահրամանի հեղինակությամբ «Եվրոպայի խորհրդարանի նպատակը ՄԻԵԴ-ի վրա ազդեցություն թողնելն է» հոդվածում նշվում է, թե հայկական լոբբինգը Եվրոպայում խոշոր արշավ է սկսել, որի նպատակն է ազդել ՄԻԵԴ-ի՝ Փերինչեքի գործով վճռի վրա:
«Հայկական սփյուռքը գործի է անցել և եվրոպական պետությունների վրա ճնշում է գործադրում: Մեր տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ի գործից հետո հայերը սկսել են քայլեր կատարել, որպեսզի ազդեն դատարանի որոշման վրա: Դրա արդյունքն է Եվրոպայի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության քայլերը: Հայերն այս պահից սկսած փորձում են, որպեսզի վճռի վրա քաղաքական ազդեցություն լինի: Այս ամենը Թուրքիայի համար ազդանշանային հրթիռի պես մի բան է»,- գրում է հոդվածի հեղինակն ու հավելում, թե այն սպասումը, որ վճիռը կարող է կայացվել հօգուտ Փերինչեքի, հայերին անհանգստացրել է, ինչի արդյունքում էլ հետևել են այս գործողությունները:
Նշենք, որ Դողու Փերինչեքը, որը նաև ընդգծված հակահայ գործունեություն ծավալող թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիրներից է, 2005 թվականին Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է»։ Այս խոսքերի համար շվեյցարական դատարանը նրան 90-օրյա ազատազրկման էր դատապարտել, և որպես այլընտրանք՝ Փերինչեքը պետք է վճարեր ցեղասպանությունները ժխտողների համար օրենքով սահմանված տուգանքը։
Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ պատճառաբանելով, թե իբր Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքը:
Այս որոշումից հետո Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ Նախորդ տարվա հունիսին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:
Թուրքիայի վճռաբեկ դատարանը ժամանակին «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ երկիրը չլքելու պայմանով ազատ արձակված Փերինչեքի վրա դրված արգելքը դատական նիստից մի քանի օր առաջ չեղյալ էր հայտարարել։
Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը։ Վճիռը հրապարակվելու է 5-7 ամսից։ Հայաստանը և Թուրքիան այս գործում որպես երրորդ կողմ են ներգրավված։










































