Երբ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունեցավ և ԲՀԿ նախագահին անվանեց չարիք և, մեղմ ասած, նրան խորհուրդ տվեց հեռանալ քաղաքականությունից՝ սպառնալով զրկել պատգամավորական մանդատից և ռևիզիայի ենթարկել նրա ունեցվածքն ու տնտեսական գործունեությունը, ԲՀԿ և ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ մտածեցին, որ Սարգսյանին կանխելու լավագույն ձևը միջազգային աղմուկն է: Բավական է, որ միջազգային կառույցները հանդես գան դատապարտող հայտարարություններով, համաշխարհային հանրությունը ոտքի ելնի ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, և Սերժ Սարգսյանը սարսափահար կնահանջի: ՀՀԿ խորհրդի նիստի ելույթից հետո հանուն միջազգային աջակցության ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ԲՀԿ-ն ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը ու Վահե Հովհաննիսյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մի սրտառուչ նամակ գրեցին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին՝ խնդրելով հանդես գալ դատապարտող հայտարարությամբ:
Նամակի հեղինակները ԵԽԽՎ նախագահին գրում են, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում պատերազմ է հայտարարել Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքական ուժին՝ ԲՀԿ-ին: «Սարգսյանը հրապարակայնորեն խոստացավ, որ կանի հնարավոր ամեն բան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին քաղաքական գործունեությանը մասնակցելու իրավունքից զրկելու համար: Նա անմիջապես հրամանագիր ստորագրեց պարոն Ծառուկյանին ԱԱԽ-ից հեռացնելու մասին: Նախագահը նաև կարգադրեց ԱԺ նախագահին դիտարկել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Ավելին՝ նա կարգադրեց վարչապետին հարկային ստուգումներ անցկացնել բոլոր այն ձեռնարկություններում, որտեղ Ծառուկյանը բաժնեմաս ունի… Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է. պատճառը պարզ է՝ ԲՀԿ հրաժարումը՝ աջակցելու նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, որոնց միակ նպատակն է ևս տասը տարով երկարաձգել իշխանության զավթումը»,- գրել են նամակի հեղինակները՝ ավելացնելով, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, միանշանակորեն քաղաքական հետապնդում է և բռնաճնշում: Նրանք կարծում են, որ լուրջ առճակատումը և քաոսը կարելի է կանխել դատապարտող և նախազգուշացնող հայտարարություններով՝ հույս հայտնելով, որ ԵԽԽՎ նախագահը հենց այդպես էլ կվարվի՝ արձագանքելով Հայաստանում ծավալվող աննախադեպ իրադարձություններին:
Հայտնի չէ, թե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Սերժ Սարգսյանի ելույթից քանի օր հետո են գրել այս նամակը, բայց հայտնի է, որ փետրվարի 20-ին Անն Բրասերը պատասխանել է նրանց՝ բավարարվելով մի քանի ընդհանուր ձևակերպումներով այն մասին, որ ժողովրդավարական հասարակություններում քաղաքական դրդապատճառներով ֆիզիկական բռնությունն ու վարչական հետապնդումը տեղ չունեն, կամ հայտնելով, որ ինքը նամակը փոխանցել է մոնիթորինգի հանձնաժողովին, որպեսզի այն հաշվի առնվի Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման զեկույցը պատրաստելիս:
Անն Բրասերը միաժամանակ խոստանում է, որ այս հարցը ինքը կբարձրացնի ապրիլին Հայաստան կատարելիք այցի ժամանակ:
Մեկ ամսից տիկին Բրասերը կայցելի Հայաստան, և հնարավոր է, որ նա ԲՀԿ-ի դեմ կիրառվող քաղաքական ճնշումների հարցը բարձրացնի իշխանության ներկայացուցիչների և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Բայց որքանով է Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի և Լևոն Զուրաբյանը նամակն այժմեական այսօր: Այս հարցին նույնիսկ նամակի հեղինակները հրաժարվում են պատասխանել, քանի որ ոչ միայն այսօր, այլև նույնիսկ փետրվարի 20-ին, երբ ԵԽԽՎ նախագահը Հայաստան էր ուղարկում իր պատասխանը, Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ էր ստեղծվել, նրանց նամակը կորցրել էր իր նշանակությունը:
Ավելին՝ իշխանություններին հաջողվել է ԲՀԿ-ի հետ կապված այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ԲՀԿ-ին և ԲՀԿ-ականներին պետք է պաշտպանել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Գագիկ Ծառուկյանի բռնաճնշումներից: Խոսքն այն մասին է, որ ԲՀԿ-ն քանդվում է, որ այդ կուսակցությունից դուրս գալու մասին են հայտարարել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, համայնքապետեր, կուսակցությունից դուրս գալու մասին են հայտարարել կուսակցության ամբողջական տարածքային կառույցներ: Եվ որևէ մեկը չի հայտարարում, որ դա արվում է իշխանությունների կամ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ճնշման արդյունքում: Որպես ԲՀԿ-ի կազմաքանդման բացատրություն ասվում է՝ կամ մարդիկ դուրս են եկել, քանի որ ԲՀԿ են եկել հանուն Ծառուկյանի և նրա հետ հեռանում են, կամ անձնական, գենդերային կամ քաղաքական տարաձայնություններ ունեն ԲՀԿ գործող նախագահի հետ: Կա տեսակետ, որ ԲՀԿ-ն կարող է կազմաքանդել կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ չցանկանալով, որ կուսակցությունը ծառայի այլ անձանց:
Կարծում ենք՝ տիկին Բրասերը պետք է շտապի Հայաստան գալու հարցում և չսպասի ապրիլին, քանի որ ապրիլին կարող է ոչ ԲՀԿ լինել, ոչ էլ ԲՀԿ-ի դեմ բռնաճնշումներ: Ավելին՝ Սերժ Սարգսյանը կարող է ասել, որ ինքը մեծ ջանքեր գործադրեց ԲՀԿ-ն պահելու ուղղությամբ, նույնիսկ որոշ պաշտոնյաների խնդրեց, որպեսզի ֆինանսական աջակցություն կազմակերպեն ԲՀԿ-ի համար, բայց իր բոլոր ջանքերը ապարդյուն անցան, և ԲՀԿ-ականները իրենք քանդեցին և հիմնահատակ ոչնչացրին կուսակցությունը: Բրասերն էլ կարձանագրի, որ եթե չկա կուսակցություն, չեն կարող լինել դրա դեմ կիրառվող բռնաճնշումներ:









































