Լոնդոնի «Քինգս-քոլեջ» համալսարանը 50 տարով վարձակալում է հանրահայտ Բուշ-հաուս շենքը, որտեղ 70 տարի եղել են BBC-ի hամաշխարհային ծառայության գրասենյակներն ու ստուդիաները: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
««Քինգս-քոլեջ»-ին բացառիկ հնարավորություն է ներկայացվել երկար ժամանակով վարձակալել այդքան որակյալ և հեղինակավոր շենքը: Եվ հատկապես ճիշտ է, որ BBC-ի hամաշխարհային ծառայության նախկին գլխավոր շենքը կզբաղեցնի երկրի լավագույն համալսարաններից մեկը»,- նորության հետ կապված ասել է համալսարանի ղեկավար՝ Վելինգտոնի դուքս Արթուր Ուելսլին:
Նա նշել է, որ ներկայիս համալսարանական տարածքը, որը գտնվում է Բուշ-հաուսի դիմաց, և որի պատմությունը սկսվում է 1829 թվականից, արդեն չի համապատասխանում ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատության պահանջներին:
Բուշ-հաուսում և հարևան 3 շենքերում համալսարանն աստիճանաբար կտեղավորվի՝ 2016թ. սեպտեմբերից սկսած, և այդ գործընթացն ավելի քան 10 տարի կտևի:
Բուշ-հաուսը, որի շինարարությունն ընթացել է 1923-1935թթ., BBC-ի hամաշխարհային ծառայության գլխավոր գրասենյակն է եղել 1941-2012թթ.:
Բուշ-հաուսի տերը ճապոնական Kato Kagaku ընկերությունն է:









































