ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի արևելքում զոհվել է մոտ 400-500 ռուս զինվոր։ Այնուամենայնիվ, ռուսական իշխանությունները կտրականապես հերքում են ՌԴ զորքերի ներկայությունը Դոնբասում: Իր հայտարարությունը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն արել է Կոնգրեսում ելույթի ժամանակ՝ փոխանցում է Press TV-ն:
Նուլանդի խոսքերով՝ այս փուլում դժվար է տալ հստակ գնահատական՝ «հաշվի առնելով զոհվածների թիվը թաքցնելու Ռուսաստանի ջանքերը», սակայն դրանք հաշվվում են «հարյուրներով ու հարյուրներով»: «Ես չեմ կարող խոսել ավելի քան 400-500 զոհի մասին»,- ասել է Նուլանդը:
Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը Դոնբաս է մատակարարել նոր տեխնիկա: «Մենք կարող ենք հաստատել, որ Ռուսաստանը Ուկրաինայի ռուսամետ ուժերին մատակարարել է տանկեր, զրահամեքենաներ, ծանր հրետանի ու հրթիռային սարքեր»,- հավելել է Նուլանդը:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հաշվել էր, որ Ռուսաստանը շուրջ 140 մլրդ դոլար է կորցրել արևմտյան պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել էին նրա դեմ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։







































