Բունդեսվերը կարող է օգտագործվել որպես «ուսումնական մաս» ահաբեկիչների համար` կարծում է Գերմանիայի ռազմական հակահետախուզության ծառայության ղեկավար Քրիստոֆեր Գրամմը:
Հնարավոր է` Գերմանիայում բնակվող իսլամական արմատականներն ընդգրկվեն ԳԴՀ-ի զինված ուժերում, որպեսզի ուսումնասիրեն ռազմական գործի հմտություններն ու արդյունքում միանան ԴԱԻՇ-ին: Այս մասին գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ռազմական հակահետախուզության ծառայության ղեկավար Քրիստոֆեր Գրամմը:
«Մենք վտանգ ենք տեսնում, որ բունդեսվերը կարող է կիրառվել որպես «ուսումնական մաս» իսլամիստների համար»,-նշել է նա: Նրա խոսքով` ներկա դրությամբ արդեն Իրաք ու Սիրիա են մեկնել բունդեսվերի մոտ երկու տասնյակ նախկին զինծառայողներ:
Գերմանիայում ուշադիր հետևում են տեղի մուսուլմանների և Իրաքի ու Սիրիայի ահաբեկիչների միջև կապերին: Վերջին տվյալներով` ԳԴՀ-ից Սիրիա և Իրաք ծայրահեղական խմբավորումների կողմից պատերազմելու մեկնած իսլամիստների թիվը հասնում է 600-ի: Նրանցից մոտ 70-ը սպանվել կամ ինքնասպանություն են գործել, առնվազն 10-ը ահաբեկչություն են գործել` զոհելով իրենք իրենց:
Որոշ տվյալներով` վերադարձել է 180 մարդ. նրանք անուղղակի վտանգ են ներկայացնում, քանի որ կարող են նպաստել այլ մուսուլմանների ծայրահեղականացմանը կամ նույնիսկ զբաղվել ահաբեկչության կազմակերպմամբ:







































