Banks.am-ի բացառիկ հարցազրույցը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսի հետ:
– Պրն Դեյվիս, ՎԶԵԲ-ը վերջերս փոխել է 2015թ. համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ 3.5%-ը, որը հնչեցվել էր դեռ 2014թ. սեպտեմբերին: Այս կանխատեսումը փոխարինվեց լճացման (ստագնացիա) կանխատեսմամբ: Ինչո՞վ էր դա պայմանավորված, և այս դեպքում ի՞նչ նոր ռիսկեր են առաջանում Հայաստանի տնտեսության համար:
– Ընթացիկ տարում Հայաստանում 0% աճ ենք կանխատեսում, և առաջին հայացքից կարող է թվալ, թե ՎԶԵԲ-ը պակաս լավատես է, քան նմանատիպ զեկույցներով հանդես եկող միջազգային մյուս կազմակերպությունները: Պատճառը թերևս այն ժամանակահատվածն էր, երբ հրապարակվեց մեր կանխատեսումը: Իմ կարծիքով՝ մյուս ֆինանսական կառույցների կանխատեսումների դեպքում ևս ժամանակի ընթացքում ցուցանիշների նվազում կնկատվի:
Փոքր և բաց տնտեսություն ունեցող Հայաստանը ենթակա է տարածաշրջանի տնտեսական մարտահրավերներին, որոնց կարող է հանդիպել 2015թ.: Սակայն նրա մակրո, հարկաբյուջետային և դրամավարկային շրջանակը լավ դիրքերում է՝ կառավարելու տնտեսական սթրեսը:
Վերջին մի քանի տարիներին Հայաստանում ականատես ենք եղել համեմատաբար ցածր դեֆիցիտով առողջ հարկաբյուջետային քաղաքականության: Պահուստները բավարար են շուրջ երեք ամսվա համար, բանկային համակարգն էլ լավ կապիտալացված է: Հայաստանը շարունակում է հաջողություններ գրանցել ինստիտուտների և քաղաքականության շրջանակի ուժեղացման հարցում, և այսպիսով կարող է օգտվել միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունից: Նաև 2013թ. նոյեմբերին Հայաստանը թողարկեց $700 մլն արժողությամբ եվրապարտատոմսեր, որոնք դրական արձագանք ստացան միջազգային շուկաներում: Ներդրողները, որոնք գնել են այդ պարտատոմսերը, շատ շուտով եկամուտ ստացան դրանց միաժամանակյա գնի աճի և եկամտաբերության նվազման շնորհիվ: Այսպիսով, նրանք իրենց լավ զգացին Հայաստանում ներդրում կատարելու որոշում կայացնելու առիթով:
Վերջերս, երբ ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ տարածաշրջանի բոլոր սուվերեն պարտատոմսերի գնի վրա, Հայաստանի պարտատոմսերն իրենց բավական լավ դրսևորեցին: Եվ այժմ որոշակի վստահություն կա, որ եթե Հայաստանի ֆինանսների նախարարությունը ցանկանա, միջազգային շուկաներում կարելի է հավելյալ գործունեություն ծավալել ու հաջողության հասնել:
Սա ձեր տրամադրության տակ առկա լավ գործիք է, քանի որ կապիտալի այս ներհոսքը կարող է դառնալ ինչպես բյուջեի ֆինանսավորման լրացուցիչ գործիք, այնպես էլ պոտենցիալ խթան ԿԲ-ի պահուստների ավելացման համար:
– Խոսենք բանկերից: Նախ, պարզաբանեք, խնդրեմ, հայաստանյան ո՞ր բանկերում է ՎԶԵԲ-ն այսօր բաժնետեր: Մասնավորապես, տեղեկություն ունենք, որ ՎԶԵԲ-ն այլևս ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերը չէ:
-Ներկայում մենք բաժնետեր ենք երեք բանկում՝ Արարատբանկ, Հայէկոնոմբանկ և Բիբլոս Բանկ Արմենիա:
Կարող եմ ասել, որ Հայաստանի բանկային համակարգը համեմատաբար առողջ է և ի զորու է դիմակայել սթրեսին: Բանկերը հիմնականում լավ կապիտալացված են՝ հաղթահարելու սթրեսը, որն առաջանում է փոխարժեքի ճնշումների և վարկային ռիսկերի հետևանքով:
Ինչ վերաբերում է ՊրոԿրեդիտ Բանկ-ին, ճիշտ է, որ մենք այլևս նրա բաժնետերը չենք: Ցանկանում եմ ասել, որ այս որոշումը կայացվել է ՊրոԿրեդիտ գլոբալ հոլդինգի և ՎԶԵԲ-ի միջև, և կապված չէ փոխարժեքի ներկայիս տատանումների հետ: Այս քայլը չպետք է ընկալել որպես Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի որակի որոշակի վատթարացման նշան: Սա ՊրոԿրեդիտ գլոբալ հոլդինգի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության արդյունքում առաջացած ռազմավարական որոշում էր: Իսկ Հայաստանի ՊրոԿրեդիտում ՎԶԵԲ-ի բաժնեմասը այդ գլոբալ որոշման միայն մի մասն էր:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ Կենտրոնական բանկի վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ բանկերը 2 տարվա ընթացքում պետք է 6 անգամ ավելացնեն ընդհանուր կապիտալի չափը:
– Այս առումով երկու մտահոգություն կա, որոնք, իմ կարծիքով, անիմաստ են: Առաջինն այն է, որ սա կհանգեցնի մրցակցության նվազեցմանը, քանի որ կլինեն ավելի քիչ բանկեր: Իրականում՝ հակառակը: Բանկերի միավորումը կտանի դեպի ավելի քիչ, ուժեղ, արդյունավետ և փորձառու բանկերի գործունեությանը: Այդպիսի բանկերը կկարողանան ավելի էժան ֆինանսավորում գտնել, իրենց կապիտալի համեմատ ավելի քիչ վարչական ծախսեր իրականացնել, և բացի այդ՝ հաճախորդներին կկարողանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր առաջարկել՝ ավելի երկար մարման ժամկետով: Զարգացումը նաև կնպաստի ավելի բարձրորակ վարկային պորտֆելի, շուկայական դիրքերի ավելի արդյունավետ մոնիտորինգի և վարկային նոր պրոդուկտների առաջացմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կընդարձակի հաճախորդների բազան և կնվազեցնի ռիսկերը:
Կարիք չկա ունենալու 21 բանկ՝ մրցակցություն ծավալելու համար, մասնավորապես՝ Հայաստանի մասշտաբի երկրի համար: Ավելի մեծ և լավ բանկերը կմրցեն միմյանց հետ և կնվազեցնեն փոխառության ծախսերը:
Շրջանառվող երկրորդ մտահոգութունն այն է, որ ԿԲ-ի որոշումը մասամբ նշանակում է, թե այն ընդունում է Հայաստանի բանկերի «թերի կապիտալացված» լինելը:
Սակայն դա այդպես չէ: ԿԲ-ն ասում է, որ բանկերը պետք է ունենան կապիտալի նվազագույն սահման, որպեսզի շարունակեն գործել: Դա նշանակում է, որ նրանք կարիք ունեն ավելի մեծանալու:
Այսպիսով, սահմանված նվազագույն կապիտալից ցածր մակարդակ ունեցող բանկերը ստիպված կլինեն կամ ավելի շատ սեփական կապիտալ ներդնել` ներքին ներուժով աճ ապահովելու համար, կամ էլ գնել կամ միաձուլվել այլ բանկերի հետ, վաճառվել մեկ այլ բանկի կամ լքել շուկան:
Սա վերաբերում է կապիտալի նվազագույն ընդհանուր չափին, սակայն վերը նշված բոլոր դեպքերում, իհարկե՝ բացի բանկը փակելու դեպքից, բանկի հաշվեկշռի ակտիվների հատվածը ևս կաճի: Ռիսկով կշռված ակտիվների համեմատ նվազագույն պահուստային կապիտալի պահանջը բոլորովին այլ հայեցակարգ է, որին հայկական բանկերն արդեն իսկ համապատասխանում են, իսկ ԿԲ-ն միանշանակ պահանջելու է, որ սա բոլոր դեպքերում շարունակվի:
Բանկային համակարգի ամրապնդումը վաղուց հասունացել է: 21 բանկը չափազանց շատ է Հայաստանի համար: Դա ստեղծում է պակաս արդյունավետություն, և չի նպաստում զարգացմանը, հանգեցնում է վարկային պորտֆելի բարձր վարչական ծախսերի և բերում է բարձր տոկոսադրույքների պահպանմանը: Վերջիններս առավել ցածր կլինեին ավելի փոքրաքանակ, սակայն խոշոր ու լավ բանկերի դեպքում, որոնք ի վիճակի կլինեն ավելի ցածր ծախսատար ֆինանսավորում ստանալ (ներքին և արտաքին աղբյուրներից) և մրցել ավելի բարձրորակ վարկային պորտֆելներ ապահովելու համար: Բնականաբար, ակնկալվում է, որ ավանդները, իրենց հերթին, ավելի ապահով կլինեն:
– Ի՞նչ եք կարծում՝ մեր տնտեսությունը պատրաստ է կլանել այն ռեսուրսները, որոնք Հայաստան կմտնեն բանկերի կապիտալը համալրելու արդյունքում: Մասնավորապես մտավախություն կա, որ այդ միջոցները կարող են կա՛մ սառեցվել, կա՛մ հանգեցնել բանկային պրոդուկտների թանկացմանը:
– Կապիտալի ներհոսքի ավելացումը դեպի բանկային համակարգ պետք է ստեղծի ավելի շատ ռեսուրսներ բանկերի համար՝ ավելի քիչ ծախսատար փոխառություններ ապահովելու համար, ինչն իր հերթին ակնկալում է բանկային պրոդուկտների գների նվազում:
Այդ ներհոսքը դեպի Հայաստանի բանկային համակարգ հիմնականում լավ բան է, քանի որ ապացուցում է, որ Հայաստանը հրապուրիչ է միջազգային կապիտալի համար: Կապիտալի ներհոսքը ողջունելի պետք է լինի, քանի որ փոխհատուցում է երկրի առջև ծառացած սթրեսների մի մասը: Կարևոր է այն, որ օտարերկրյա բանկային կապիտալն իր բնույթով երկարաժամկետ ներդրման տեսակ է:
Մեզ բոլորիս մտահոգում է կարճաժամկետ և ֆիքսված եկամտի գործիքներում ներդրված գումարը (որի համար ներդրողները փնտրում են կարճաժամկետ առավելագույն եկամուտ), որը կարող է հեշտությամբ դուրս բերվել ֆինանսական ցնցման դեպքում: Մինչ օրս Հայաստանում չի եղել նմանատիպ գումարների ներհոսք, ինչը ֆինանսական ցնցման պայմաններում նպաստում է կայունության ապահովմանը:
Ես կասեի, որ 2013թ. եվրապարտատոմսերի թողարկումը «տեղեկատվության փոխանցման մեխանիզմի» լավ օրինակ է: Հայաստանն այժմ մի շարք միջազգային ներդրողների «ռադարային էկրանին» է, և նրանցից յուրաքանչյուրը Հայաստանը վերլուծող մասնագետի կարիք ունի: Եթե ներդրողը, անկախ նրանից՝ բանկ է, թե հեջ-ֆոնդ, ընկալի Հայաստանի մակրոֆինանսական պատկերը և այն հարմար գտնի, ապա ավելի հավանական է, որ նա կկատարի նաև այլ տեսակի ներդրումներ, և Հայաստանի մասին կպատմի այլ ներդրողների` վերջիններիս խորհուրդ տալով նկատի ունենալ այդ հնարավորությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում









































