Պաշտոնական այցով Պորտուգալիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ կայցելի 1982 թվականին «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) կողմից Լիսաբոնում սպանված Թուրքիայի դեսպանատան վարչական հարցերով կցորդ Էրքութ Աքբայի և նրա կնոջ՝ Նադիդե Աքբայի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի մայրաքաղաքում վերոնշյալ հուշահամալիրը բացվել է 2013 թվականի հունիսի 7-ին։
1982-ի հունիսի 7-ին Լիսաբոնի Օեիրաշ թաղամասում ԱՍԱԼԱ-ի մարտիկները կրակ էին բացել թուրք դիվանագետի և նրա կնոջ վրա։ Էրքութը տեղում մահացել էր, իսկ Նադիդեն ծանր վիրավորվել էր և ամիսներ շարունակ կոմայի մեջ գտնվելուց հետո մահացել։







































