Հորդանանյան Turabyeh հիփ-հոփ խումբը դատական հայց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա գլխավորած «Լիկուդ» կուսակցության դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Երաժիշտները պնդում են, որ նրա ղեկավարած կուսակցությունն առանց թույլտվության օգտագործել է իրենց երգը նախընտրական քարոզարշավին` Քնեսեթի (խորհրդարան) ընտրությունների շեմին:
Հայցը ներկայացվել է Իսրայելի Հայֆայի շրջանային դատարան: Խմբի փաստաբանը հայտարարել է, որ իր հաճախորդները ցնցված են «Լիկուդ»-ի անամոթությամբ և ակնհայտ գողությամբ:
Դատական հայցում նշվում է, որ տեսագրությունը տպավորություն է ստեղծում` ասես խմբի մասնակիցներն աջակցում են ԴԱԻՇ-ին (Իրաքի և Շամի իսլամական պետություն): Հայցորդների կարծիքով` տեսագրութունը կարող է պատճառ դառնալ երաժշտական խմբի հետապնդվելուն նրանց կողմից, ովքեր պայքարում են ահաբեկչական խմբավորման դեմ:







































