Ջիբրալթարի շուրջ արդեն երկար տարիներ չմարող բանավեճին նոր ազդակ է տվել Սերվանտեսի ինստիտուտը փակելու մասին Իսպանիայի որոշումը: Այդ անկլավը պիրենեյան թագավորությունը համարում է բրիտանական գաղութ: Ինստիտուտը կոչված է նպաստելու աշխարհում իսպաներեն լեզվի և մշակույթի տարածմանը: TASS-ի հաղորդմամբ՝ դա այսօր հաստատել է Իսպանիայի ԱԳՆ-ն:
Մի քանի օր առաջ Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն հրապարակավ հարցրել է. «Ինչո՞ւ Սերվանտեսի ինստիտուտ ունենալ մի տարածքում, որն Իսպանիան իրենն է համարում: Չէ՞ որ այն պետք է ծառայի իսպաներեն լեզվի տարածմանը, որը Ջիբրալթարում իսպաներեն չգիտեն միայն կապիկները»:
Գարսիա-Մարգալյոյի այս խոսքերը տարակուսանք են առաջացրել Ջիբրալթարում: Բրիտանական տարածքի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն նրա դիրքորոշումն անվանել է «արմատական և անջատողական՝ նշելով, որ այն չի արժանացել իսպանական մյուս քաղաքական ուժերի աջակցությանը՝ բացի պահպանողական Ժողովրդական կուսակցությունից: Պիկարդոն նաև նշել է բոլոր վիճելի հարցերը երկխոսության ճանապարհով, ոչ թե քաղաքական, առևտրա-տնտեսական և մշակութային կապերի խզումով լուծելու անհրաժեշտությունը:
Այդուհանդերձ, անկլավում եղել են նաև մարդիկ, ովքեր ողջունել են Իսպանիայի իշխանությունների որոշումը: Խոսքը տեղի ազգայնականների մասին է, ովքեր Սերվանտեսի ինստիտուտը համարել են «իսպանական տրոյական ձի Ջիբրալթարում»:
Ինչպես TASS-ին ասել են Սերվանտեսի ինստիտուտի մադրիդյան շտաբ-բնակարանում՝ Ջիբրալթարում դրա մասնաճյուղի գոյության 4 տարում իսպաներեն լեզվի կուրսերին մասնակցել է ավելի քան 3000 մարդ, ինչը բոլորովին քիչ չէ անկլավի 30-հազարանոց բնակչության համար:










































