«Ռեգնում» գործակալության ղեկավար, հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ Մոսկվան Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին չի միջամտում: Որքան էլ որ Հայաստանում այս օրերին մեկնաբանություններ են հնչում, թե ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը կարող է լինել արտաքին ուժերի, մասնավորապես՝ Մոսկվայի աջակցությամբ, և որ այն պատահական չէ, քանզի այս ամենը սկսվեց Ծառուկյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո, Կոլերովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նման մեկնաբանություններ անողներն իրավիճակին ծանոթ չեն:
Ներկայացնում ենք Մոդեստ Կոլերովի հետ հարցուպատասխանը.
– Պարոն Կոլերով, երեկվանից իշխող Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» փոխադարձ և նույնիսկ անձնավորված մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին: Ձեր դիտարկմամբ՝ սա որևէ կերպ պայմանավորվա՞ծ է Ծառուկյանի՝ Մոսկվա կատարած այցով: Իշխանությունների նման կտրուկ հայտարարությունները կարո՞ղ ենք դրանով պայմանավորել:
– Նրանք, ովքեր տալիս են այդպիսի մեկնաբանություններ, ուղղակի չեն հասկանում՝ ինչպես է ամեն ինչ դասավորված: Այցերը երկար ժամանակ են պլանավորվում, որոշումները՝ նույնպես, հետևաբար ես կարծում եմ՝ Ծառուկյանի այցը Մոսկվա կապված էր նրա այն ցանկության հետ, որ նա ազդի Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա՝ Մոսկվա կատարած այցի շնորհիվ: Այսինքն՝ հակառակն է՝ դա իրադարձություններն առաջ գցելու փորձ էր և ոչ՝ Ձեր նշած մեկնաբանությունների կոնտեքստում:
– Ի՞նչ եք կարծում՝ առանց Մոսկվայի աջակցության կտրուկ քայլերը կարո՞ղ են հաջողված լինել: Ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք ռադիկալ քայլերը:
– Ես չեմ կարծում, թե նրանք Մոսկվայի թույլտվությունն են հարցնում, իսկ Մոսկվան իր հերթին չի միջամտում: Ոչ ոք ոչ մեկից թույլտվություն չի հարցրել, հետևաբար ոչինչ չի բացառվում:
– Ձեր գնահատմամբ՝ այժմ Հայաստանում հնարավո՞ր են ցնցումներ:
– Ես միշտ ասել եմ, որ Մայդանի տեխնոլոգիան կիրառվելու է նաև այլ երկրներում… ցուցակում հաջորդը Հայաստանն է, այնուհետև՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Բելառուսը:
– Այսինքն՝ Հայաստանում հնարավոր է նաև Մայդանի սցենա՞ր:
– Այո՛, նման փորձեր հնարավոր են:
– Իսկ ոչ իշխանական քաղաքական ուժերը կգնա՞ն դրան:
– Եթե հիմար են, ապա կգնան:










































