Այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» խորագրով:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակի անունը և երգը հայտնի կդառնան այսօր երեկոյան՝ ժամը 21:00-ին, Առաջին լրատվականով և Eurovision.tv-ով:
«Հետևեք Առաջին ալիքին և eurovision.tv-ին, միացեք մեր գաղափարին: Անչափ հուզված եմ»,- Facebook-ի իր էջում գրել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գոհար Գասպարյանը մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ այսօր մանրամասները կլինեն Առաջին լրատվականով ու Eurovision.tv-ով և այնուհետև կտրամադրվեն բոլոր լրատվամիջոցներին: Մասնակցի անունը նույնպես չասաց, քանի որ ամբողջ իմաստը դրանում է:
Հարցին՝ արդյոք հանրությունը նո՞ւյն կերպ կարձագանքի, նո՞ւյն կերպ անակնկալի կգա, ինչպես 2014-ին անակնկալի եկավ, Գոհար Գասպարյանը նշեց. «Մենք չենք կարող դրա մասին խոսել, մինչև չտեսնենք մարդկանց ռեակցիաները, բայց որ հաստատ առանձնահատուկ է լինելու այս տարվա «Եվրատեսիլը»՝ դա միանշանակ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին:
Այս տարի նույնպես Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի և երգի ներքին ընտրություն:
Այս տարի մրցույթին կմասնակցեն 39 երկրներ՝ Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: Իսկ Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝ Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:
Ի դեպ, «Եվրատեսիլ-2015»-ի Ֆրանսիայի մասնակցի երգը Հայոց ցեղասպանության մասին է լինելու, թեև երգում որևէ կերպ անդրադարձ չի կատարվում պատմական իրադարձությանը, քանի որ «Եվրատեսիլը» վերքաղաքական կառույց է:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն Not Alone երգով գրավեց 4-րդ տեղը:







































